Հունաստանին ուղղված հաջորդ օգնության փաթեթը կարող է ներառել որոշ գործող վարկերի մարման ժամկետների երկարաձգում մինչև 50 տարով, ինչպես նաև դրանց տոկոսադրույքի իջեցում 0.5%-ով: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը` հղում կատարելով Եվրամիության իշխանական օղակներում տեղի ունեցող փակ խորհրդակցություններին:
Ծրագրի պաշտոնական քննարկումները կսկսեն այս տարվա մայիսին կամ հունիսին: Ենթադրվում է, որ Հունաստանին կտրամադրվի 13-15 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ վարկային փաթեթ: Այս գումարները կուղղվեն երկրում որոշ ֆինանսական բարդությունների հաղթահարմանը:
Ապրիլին Եվրոստատը կհրապարակի 2013 թվականի Հունաստանի ֆինանսական քաղաքականությանը վերաբերող զեկույցը: Ակնկալվում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ պետբյուջեի եկամտային մասը կգերազանցի ծախսայինին: Դեպքերի նմանատիպ զարգացման դեպքում երկրին տրամադրվող օգնության պայմանները կարող են լրացուցիչ թեթևացվել:
Հիշեցնենք, որ Հունաստանը դեֆոլտի վտանգի առջև հայտվեց 2011 թվականին, որի արդյունքում ստիպված էր օգնության համար դիմել Եվրամիությանը և Արժույթի միջազգային հիմնադրամին: Արդյունքում պետությունը ստացավ շուրջ 240 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, Հունաստանի ընդհանուր պարտքն այս փուլում 130 տոկոսով գերազանցում է ՀՆԱ-ն, ինչ ավելին է, քան մինչճգնաժամյան շրջանում:
Կոշտ տնտեսական քաղաքականությունը, որը Հունաստանը ստիպված էր որդեգրել կայունացնող վարկեր ստանալու համար, երկրի տնտեսությանը գլորեց խորը անդունդ, որտեղից արդեն վեցերորդ տարին է՝ չի հաջողվում դուրս գալ: Այս ընթացքում ՀՆԱ-ն կրճատվել է շուրջ մեկ քառորդով: