ՀՀ Ոստիկանությունը որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված 100-ից ավելի ցուցարարներին: Ըստ ակտիվիստների, այդ օրը ոստիկանությունն անօրինական քայլեր է ձեռնարկել և որևէ իրավունք չունի վարչական պատասխանատվության ենթարկել իրենց: Թե ի՞նչ քայլերի են դիմելու նրանք դատական գործընթացները սկսելուց հետո՝ ակտիվիստ Միհրան Ավագյանից փորձել է պարզել Araratnews.am-ի լրագրողը։ «Պատրաստվում ենք հակընդդեմ հայցով հանդես գալ, ամեն մեկս առանձին-առանձին, նաև մի ընդհանուր հայց ենք ներկայացնելու, որ այդ օրը ոստիկանները ոչ իրավաչափ են գործել, այնպես որ, ոչ մի տուգանք չենք մուծելու, պատրաստ ենք անգամ Եվրադատարան դիմել»,- ասաց Մ. Ավագյանը:
Araratnews.am-ի այն հարցին, թե նմանատիպ ակցիաներ Հայաստանում քիչ չեն եղել, սակայն սա, 100 և ավելի բերման ենթարկվածների քանակով, մարտի 1-ից հետո առաջին դեպքն էր, ապա ինչով էին պայմանավորված իշխանությունների այդքան ակտիվ գործողությունները՝ այդ օրը բերման ենթարկված քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պուտինի այցը «իդեալական» անցկացնելու ցանկությամբ: Ապահովագրում էին իրենց՝ ռուսների հետ բարդ խոսակցություններից: Համ էլ ցույց էին տալիս, որ հանուն Մոսկվայի, հավատարիմ շան պես, բոլորին կպատառոտեն: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, բազմաթիվ լրատվական կայքերից ջնջվել են այդ օրվա հետ կապված տեսանյութերը, որտեղ հստակ երևում են ոստիկանների գործողությունները»: