Վստահ եմ, որ ձեզանից շատերը որոշում են կայացրել դառնալ իշխող կուսակցության անդամ` ազնիվ ցանկություն ունենալով հնարավորինս պիտանի դառնալ հայրենիքին` մեր պետությունը կառավարելու գործում:
25 տարի առաջ ձեր հասակակիցները նույնպես մտածում էին, որ իշխող կուսակցության անդամ դառնալը ամենակարճ ճանապարհն է ղեկավար պաշտոններին հասնելու համար: Սակայն կյանքը ցույց տվեց, որ միշտ չէ, որ կարճ ճանապարհը լինում է ճիշտ: Երբ իշխող Կոմունիստական կուսակցությունը ստիպված եղավ հակադրվել հանրության կամքին, մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ հրապարակային ցած դրեցին այդ կուսակցությունում իրենց անդամության վկայականները:
Այսօր դուք համոզված եք, որ ձեր կուսակցության առաջնորդներն են փրկել մեր «ժողովրդի կաշին» 20 տարի առաջ դադարեցված Ղարաբաղյան պատերազմում, դրա համար էլ վստահում եք նրանց կողմից ընտրած ճանապարհին: Սակայն 2012թ. մայիսի 4-ին, երբ երկնքից կրակ թափվեց ձեր կուսակցության երիտասարդ անդամների շարքերի վրա, ոչ միայն դուք, այլև մենք բոլորս պարտավոր էինք հասկանալ մեր հանրությանը այդ օրը տրված նշանը, որը չի կարող չհիշեցնել Սոդոմ և Գոմոր քաղաքների ճակատագիրը:
Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ հիմա, ձեր առաջնորդները ցույց տվեցին բոլորին, որ կարող են սառնասրտորեն կարդալ իրենց ճառերը՝ կանգնելով մարդկանց այրված մարմինների վրա: Այսօր այդ նույն մարդիկ դուրս են բերում ձեզ փողոց իրենց քաղաքական հակառակորդների դեմ՝ ձեր մարմիններով պատնեշ սարքելու համար: Ես կոչ եմ անում՝ թույլ չտալ ոչ մեկին օգտագործել ձեզ որպես «թնդանոթային միս» այն պայքարում, որը ընդհանրապես չի վերաբերում ո՛չ մեր ժողովրդի ազգային շահերին, ո՛չ էլ՝ նրա ապագային:
Ձեզանից շատերը ունեն ազնիվ և մաքուր կենսագրություն, և դուք կարիք չունեք ձեզ վրա վերցնելու ուրիշների կողմից անցյալում կատարված հանցագործությունների պատասխանատվությունը։ Վստահ եմ, որ ապագայում ձեր ձգտումները և տաղանդը կարող են պիտանի դառնալ մեր երկրին՝ անկախ նրանից կշարունակի Հանրապետական կուսակցությունը իր գոյությունը, թե՝ ոչ: