Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ առերեսվել սեփական պատմության հետ, և քննադատել է թուրքական քաղաքականությունը, որը մերժում է Հայոց ցեղասպանության փաստը։ Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը՝ հղում կատարելով Hurriyet-ին։
Երեք օր առաջ, պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Էրդողանը Մերկելին և իշխող Քրիստոնյա Դեմոկրատական կուսակցությանը կոչ է արել զգույշ լինել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ իրենց որոշումներում։ «Մենք գիտենք, որ այս տարի 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ դուք կատարելու եք բուջետային հատկացումներ», — ասել է Էրդողանը Մերկելին։ «Ես խորհուրդ եմ տալիս Ձեզ, որ այս հարցում ավելի զգույշ լինեք և զգուշացնեք Ձեր կուսակցությանը՝ չանել հատկացումներ», — հավելել է Թուրքիայի վարչապետը։
Սրան ի պատասխան Մերկելն ասել է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, և անթույլատրելի է միջամտել կառավարության աշխատանքներին։ «Թուրքիան պետք է համակերպվի իր պատմության հետ։ Մենք չենք կարող համեմատել Հայաստանում ապրող հայերին՝ բռնի տեղահանված և աշխարհով սփռված հայերի հետ», — ասել է Մերկելը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր ծանր դրության մեջ է, և հորդորել է Էրդողանին բացել սահմանը։
«Դուք մեզ կոչ եք անում ընդունել մի բան, որը չենք արել»,- պատասխանել է Էրդողանը Մերկելին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ պնդելով, որ թուրքական արխիվները բաց են աշխարհի համար։ «Թուրքիայի նկատմամբ անարդարացի մի վարվե՛ք», — հայտարարել է Էրդողանը։
Bild պարբերականը գրում է, որ այս այցի ժամանակ Բունդեսթագի որոշ պատգամավորներ նույնպես կոչ են արել վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը։