Տաքության դեմ օգտագործվող դեղամիջոցները, օրինակ` ասպիրինն ու պարացետամոլը, նպաստում են հարբուխի վիրուսի տարածմանը: Նման տարօրինակ եզրակացության են եկել Մաքմասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B գիտական ամսագրում:
«Երբ մարդիկ ընդունում են այս դեղամիջոցները՝ վիճակը լավացնելու համար, նրանք չեն էլ պատկերացնում, որ դառնում են հիվանդության տարածող` վարակելով շրջապատում գտնվողներին»,- ասել է բրիտանացի գիտնական Դևիդ Էրնը: Նա նշել է, որ բարձր ջերմությունը վիրուսը հաղթահարելու միջոցներից մեկն է, և դեղամիջոցներով դրա դեմ պայքարելով` մարդիկ խափանում են այն ոչնչացնելու բնական մեխանիզմը: Եվ երբ տաքությունն իջնում է, մարդկանց թվում է, թե իրենք լավացել են, գնում են աշխատանքի կամ դպրոց, ու վարակում են գործընկերներին կամ համադասարանցիներին:
Գիտնականները չեն պնդում, որ անհրաժեշտ է հրաժարվել այդ դեղամիջոցներից` ասելով, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչպես պայքարել հիվանդության դեմ: Հետազոտության ժամանակ պարզվել է նաև, որ միայն ԱՄՆ-ում հնարավոր է տարեկան փրկել 700 մարդու կյանք, եթե հիվանդները չընդունեն տաքության դեմ պայքարող դեղամիջոցներ:
Նրանք նաև նշում են, որ 1918 թվականին Եվրոպայում մոլեգնող «իսպանուհի» վիրուսը խլել է 50-100 միլիոն կյանք, ինչից հնարավոր էր խուսափել, եթե մարդիկ այն ժամանակ չընդունեին այդքան տարածված ասպիրին դեղամիջոցը: