տուն Քաղաքական Վերլուծական ԲՀԿ-ի առեղծվածային ընդդիմադրությունը

ԲՀԿ-ի առեղծվածային ընդդիմադրությունը

358
0

821bb7d82a89a753a60b1989f52cec91-472x265

Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը, հունվարի 18-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Սերժ Սարգսյանին: «Հրապարակի» փոխանցմամբ  Գագիկ Ծառուկյանը այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է դիմավորել Սերժ Սարգսյանին: Այնուամենայնիվ, չխորանալով Գագիկ Ծառուկյանի հունվարյան էմոցիաների մեջ, հիշեցնենք, որ նույն օրը Ազատության հրապարակում տեղի էր ունենում «Դեմ եմ» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքը, որին միացել էին նաև ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները, այդ թվում՝ ԲՀԿ-ն:

Հենց այս հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ընդունված օրենքը անվանեց պետական գանձագողության, պետական ռեկետի, պետական գրպանահատության մասին օրենք: Այսպիսով, Նաիրա Զոհրաբյանը ներկա վարչախմբին բնորոշեց որպես գրպանահատներ և գանձագողեր: Սակայն, այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչպես է նույն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դիմավորում այդ նույն պետական ռեկետի հիմնական մեղավոր, ռեկետի մասին օրենքը ստորագրած Սերժ Սարգսյանին:

ԲՀԿ-ականներից ոմանք սա մեկնաբանել են այն բանով, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է Անվտանգության խորհրդի անդամ և կատարում է իր պարտականությունները: Հավանաբար Գագիկ Ծառուկյանի պարտականությունների մեջ էր մտնում նաև իր իսկ կողմից կազմակերպված միջոցառմանը հոտնկայս Սերժ Սարգսյանի կենացը խմելը: Այստեղ տեղին կլիներ հիշեցնել նույն ԲՀԿ-ականներին և Գագիկ Ծառուկյանին, որ վերջինս հանդիսանում է նաև  ԱԺ պատգամավոր և իր պարտականությունների մեջ է մտնում ԱԺ նիստերին մասնակցությունը, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը, հանրությանը հուզող հարցերի բարձրաձայնումը: Սակայն, պարզվում է, Գագիկ Ծառուկյանը պարտաճանաչ է գտնվում միայն Անվտանգության խորհրդի կազմում և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Նաիրա Զոհրաբյանը նաև հավաստիացրեց, որ միասնաբար վիճարկելու են գազի վասալային պայմանագիրը:  Այդ պայմանագրի ԱԺ-ի կողմից վավերացման օրը Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին Զվարթնոց օդանավակայանից ճանապարհում էր Մոսկվա՝ վասալային պայմանագրի և ինքնիշխանության հանձնման մասին հաշվետվություն ներկայացնելու:

Հույսեր կապել,  որ ԲՀԿ-ն  հանդես կգա որպես ընդդիմադիր և կներկայացնի հանրային շահը՝ առնվազն միամտություն կլինի: Դրա մասին են վկայում նաև Գագիկ Ծառուկյանի բիզնեսների բարգավաճումը: Սա այն դեպքում, երբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ է կատարվում այն գործարարների հետ, որոնք հանկարծ որոշում են դեմ դուրս գալ ներկա վարչախմբին, մանավանդ այն դեպքում, երբ կազմել են այդ վարչախմբի մասը և գործեր հարուցելն ու հարկային ճնշումները ընդամենը ցանկության խնդիր է:

Ներկլանային ռազբորկաներում որպես շանտաժի մեխանիզմ ԲՀԿ-ն կարող է որոշակի ակտիվություն ցուցաբերել, ինչը կարելի է օգտագործել բարձրացված խնդրի լուծման համար, սակայն հույս ունենալ, որ առկա հանրային ընդվզումը ԲՀԿ-ի հետ կարելի է հասցնել ռեժիմի տապալման  առնվազն միամտություն է: Այս դեպքում հանրությունը կա՛մ կհայտնվի արթուրբաղդասարյանական կոտրած տաշտակի առաջ, կա՛մ պայքարը ընդդեմ ռեժիմի կվերածվի ընդամենը ներխմբային ռազբորկաների  գործիքի:

Հովհաննես Մխիթարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here