Էրվին Ամիրյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 5-ին Երևանում: Հայրըˋ Վաքիլ Ամիրյանը եղել է ճանաչված մարզիկ (զբաղվել է բռնցքամարտով): Տղան որոշել է գնալ հոր ուղով, մանկուց զբաղվել է սպորտով(բռնցքամարտ և բասկեդբոլ) և բասկետբոլի երիտասարդական առաջնությունում ճանաչվել Հայաստանի չեմպիոն: Իր ընկերներից մեկի խորհրդով սկսում է հաճախել դերասանական վարպետության դասընթացների: Եվ այդպես ծնվում է սերը դեպի թատրոն: Դասընթացները ավարտելուց հետո ընդունվում է Երևանի թատերական ինստիտուտ (Ա. Մելիքսեթյանի կուրսˋ երաժշտական թատրոնի բաժին): Արդեն երկրորդ կուրսում հրավեր է ստանում խաղալ կամերային երաժշտական թատրոնում: Առաջին կերպարը եղել է «Կատուները» մյուզիքլի «Ռամ-տամ տագարը»: Հանդիսատեսը նրան ընդունեց ջերմությամբ և սիրով, ինչը ոչ բոլոր սկսնակ դերասաններին է հաջողվում: Առաջին դերը կերտելուց հետո Էրվին Ամիրյանը մարմնավորել է բազմաթիվ այլ կերպարներ, որոնք նույնպես սիրվեցին հանդիսատեսի կողմից: 2001 թվականին Էրվին Ամիրյանը դառնում է ասպիրանտ և պաշտպանելով գիտական թեզˋ դառնում է արվեսագիտության թեկնածու: 2007 թվականին հրավեր է ստանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից: Այս թատրոնում էլ խաղում է մինչ օրս: Ի դեպ, Էրվին Ամիրյանը նաև բավականին հաջողված երգերի ունի, որոնց տեսահոլովակները մինչև այսօր սիրված են հասարակության կողմից: Ըստ Էրվին Ամիրյանի արվեստը ազգություն չի ճանաչում, հատկապես Հայաստանում ազգությամբ եզդի լինելը երբեք չի խանգարել նրան, քանզի եզդի և հայ ժողովուրդները մշտապես ունեցել են եղբայրական հարաբերություններ: Էրվին Ամիրյանը և իր քույրըˋ Դիանա Ամիրյանը, ով Գերմանիայում հայտնի օպերային երգչուհի է, մտադրություն ունեն հիմնելու ստուդիա, որտեղ կդասվանդվի դերասանական վարպետություն և վոկալ: Էրվին Ամիրյանը շարունակում է իր ակտիվ դերասնական կարիերանˋ կերտելով նորանոր կերպարներ, նա նաև երգեր է գրում: Նրա ցանկությունն է, որ ոչ միայն ազգությամբ եզդի, այլ նաև բոլոր երիտասարդները սկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել արվեստի բոլոր բնագավառներին և ինտենսիվ ինքնակրթությամբ զբաղվեն:
Զուզան Մամոյան