Արդարադատության խորհուրդը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում քննություններ էր անցկացնում քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումների համապատասխան թեկնածուներ ընտրելու համար: Գրավոր և բանավոր քննությունից հետո Արդարադատության խորհուրդն ամփոփել է արդյունքները և ըստ այդմ ընտրել համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած հավակնորդներին:
Վարչական դատարանի միակ թափուր տեղի համար, որպես հավակնորդ, ընտրվել էր Գրիգոր Առաքելյաննˋ ով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանի որդին է: Այս կապակցությամբ բավականին ակտիվ լուրեր ծավալվեցին վերջին շրջանում և հնչեցին կարծիքներ, թե Գրիգոր Առաքելյանի համար միջնորդել են, ըստ որի էլ Արդարադատության խորհրդի մեծամասնությունը նրան է ընտրել: Ըստ AraratNews.am-ի հավաստի աղբյուրների, Գրիգոր Առաքելյանի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նա ծնունդով իջևանցի է և ցանկանում է «պոդդերժկա» անել իր համաքաղաքացուն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա առանձին-առանձին հանդիպել է Արդարադատության խորհրդի բոլոր անդամների հետ և հորդորել նրանց՝ ընտրել Գրիգոր Առաքելյանին:
Այս կապակցությամբ՝ AraratNews.am-ը զրուցեց Արդարադատության խորհրդի մի քանի անդամների հետ: Խորհրդի անդամ Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Այդտեղ կային 6 թեկնածուներ և նրանցիցի մեկը պետք է անցներ: Այնտեղ ավելի կամ պակաս արժանիքներով մարդիկ իհարկե կային, այսինքն գրեթե բոլորը արժանի էին: Կրթությամբ, կյանքի փորձով և կենսագրությամբ, իհարկե կային նաև այլ մասնակիցներ, որոնք ևս արժանի էին»:
Պարոն Ղազինյանից փորձեցինք ճշտել, իսկ այն պատմությունները, որոնք կապվում են Գրիգոր Առաքելյանի անվան հետ, արդյոք չե՞ն վնասի ապագա դատավորի համբավը, ինչին ի պատասխան Գագիկ Ղազինյանը նկատեց. «Դե գիտեք ինչ, նա դեռ դատավոր չէ և ցուցակում էլ չէ: Նա համարվում է ցուցակով անցած, բայց այստեղ խոսքը վերաբերում է Արդարադատության ակադեմիային, որտեղ 6 ամիս, ովքեր որ ցուցակի մեջ են, պետք է դասընթացներ անցնեն, հետո երեք ամիս անցնում են փորձաշրջան, որից հետո նշանակվում են։ Այնպես որ, դեռ 9 ամիս կա, և այս պահին խոսել վստահության մասին՝ կարծում եմ տեղին չէ»,- ասաց պարոն Ղազինյանը, ավելացնելով, որ Գագիկ Առաքելյանի համար իրեն ոչ ոք չի միջնորդել և դրա կարիքն էլ չկար, քանի որ ճանաչում է համարյա բոլորին, և եթե որևէ թեկնածու արժանի լիներ՝ ինքը չէր սպասի միջնորդության. «Որևէ մեկի համար այս ամբողջ գործընթացում չեն միջնորդել: Գուցե նրա համար է, որ ես առաջին անգամ եմ ընդգրկված այդ խոհրդի կազմում, կամ այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ չեն դիմել, ինչպես նաև կան սկզբունքներ, որոնց ես չեմ դավաճանում: Մեծ մասը իմ ուսանողներն էին, և եթե արժանի լինեն՝ ես դա կիմանամ, այսինքն ինձ միջնորդելու կարիք չկա, քանի որ արժանիներին ես գիտեմ»,- ասաց պարոն Ղազինյանը: Հիշեցնենք, որ, ըստ մամուլում հրապարակված նյութերի, Ղազինյանը այն անձանց շարքում է եղել, ովքեր դեմ են եղել Գրիգոր Առաքելյանի ընտրությանը, քանի որ նա տարիքով բավականին երիտասարդ է և նրանից ավելի արժանի թեկնածուների են տեսել:
Արդարադատության խորհրդի մեկ այլ անդամ Գրիգոր Բադիրյանն AraratNews.am-ի հետ զրույցում ասաց. «Այն որ դատավորը որքան փորձառու լինի՝ այնքան լավ՝ համամիտ եմ: Այսքանը կասեմ։ Այլ մեկնաբանություն չունեմ այս հարցի վերաբերյալ: Ես չեմ կարող խորհրդի գործունեության մասով մանրամասներ ներկայացնել: Իմ դեպքում ոչ մի միջնորդություն չի կարող անցնել, և ոչ ոք չի դիմել ինձ»:
Արման Ասյան