Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն անելիքները, որոնք Անվտանգության խորհուրդը նախատեսում է իրականացնել 2014թ-ին, գրում է tert.am-ը։ Արթուր Բաղդասարյանը նախ ներկայացրեց կարևորագույն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը և հայտարարեց, թե այս տարի ի վերջո կհաստատեն ՀՀ ժողովրդագրական անվտանգության ռազմավարությունը։
«Շատ է խոսվում արտագաղթի մասին, պետք է ունենալ արտագաղթը կանխելու տեսլականը և որը պետք է գա` պատասխանելու այս ոլորտում կուտակված բոլոր հարցերին»,-հայտարարեց նա՝ ընդգծելով, որ այն բավական լրջագույն փաստաթուղթ է լինելու և պատասխանելու է այն հարցերին, թե սկսած 90-ականներից ինչքան արտահոսք է եղել, ինչ քայլեր է պետք անել կանխելու համար և այլն։
Հաջորդ կարևոր փաստաթուղթը կվերաբերի արդեն ՀՀ հոգևոր անվտանգությանը և կընդունվի հայեցաթուղթ։ «Տարբեր մտահոգություններ կան տարբեր կրոնական շարժումների հետ կապված, և մեր խնդիրն է պատասխանել այս հարցերին։ Կան բազմաթիվ աղանդներ, մեկը մտահոգվում է, մյուսը միջազգային կազմակերպություններում ձայն է բարձրացնում, թե Հայաստանում կրոնական կազմակերպությունների իրավունքները խախտվում են։ Այդ իսկ պատճառով պետք է միջազգային լավագույն փորձը ունենալով՝ անխոցելի փաստաթուղթ մշակել և տալ հստակ տեսլական»,-ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հաջորդ կարևոր քայլն այն է լինելու, որ ՀՀ-ում ներդրվելու է այլընտրանքային պատիժների ռազմավարության նոր համակարգ, որն ուղղված է լինելու նվազ վտանգ ներկայացող արարքների ապաքրեականացմանը։ «Անհրաժեշտ չէ մարդուն մեկուսացնել ընտանիքից, և այդ համակարգը ներդնելով` արդեն մարդը կատարած զանցանքի ու հանցանքի համար չի գտնվի ուղղիչ հաստատություններում»,-ասաց նա։
Այնուհետև նա անդրադարձավ մյուս ծրագրերին, ըստ որի ՝ կշարունակվի արդիականացնել հայ-վրացական սահմանը՝ Բագրատաշեն- Բավրա-Գոգավան, որի համար միայն հայկական կողմին աշխատանքի համար կտրվի 20 մլն եվրոյի դրամաշնորհ։
«Մենք նպատակ ունենք ներդնել 0 բյուրոկրատական քաշքշուկ. այսինքն՝ քանի րոպե պետք է կանգնի մարդատար մեքենան, բեռնատար մեքենան, լինի հստակ ժամկետային սահմանափակում՝ կապված բեռի հետ։ Այրումում վագոնների համակարգի ներդրում կլինի, և կգործի մեկ կանգառ–մեկ պատուհան համակարգին անցնելու սկզբունքը»,-ասաց նա։
Նյութն ամբողջությամբ tert.am-ում: