տուն Լուրեր Աուտիզմը որքանո՞վ կապ ունի պատվաստումների հետ. Պաշտոնական

Աուտիզմը որքանո՞վ կապ ունի պատվաստումների հետ. Պաշտոնական

156
0

85

Ինչպես արդեն նշել ենք, oրերս Araratnews.am-ի խմբագրություն ահազանգած ծնողը պնդում էր, որ իր երեխայի մոտ պատվաստումից հետո աուտիզմ է ի հայտ եկել: Նա գրեթե համոզված էր, որ դա անմիջական կապ ունի պատվաստման հետ: Ինչպես և խոստացել էինք, այս խնդիրի հետ կապված araratnews.am-ի լրագրողը   զրուցել է Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:
«Իրականում ձեր նշածը 90-ականներին տարածված վարկած էր ու առաջինն այս մասին խոսվել է Անգլիայում: Այդ ժամանակ կասկածում էին, որ ԿԿԽ (կարմրուկի, կարմրախտի, խոզուկի) պատվաստումներից հետո երեխաների մոտ կարող է առաջանալ աուտիզմ: Ու իրենք դադարեցրին այդ պատվաստումները, ինչից մի քանի տարի անց Անգլիայում կարմրուկի, կարմրախտի մեծ բռնկումներ եղան, նույնիսկ մահվան դեպքեր գրանցվեցին: Դրանից հետո Անգլիայում մեծ հետազոտություն անցկացվեցˋ պարզելու համար, թե իսկապե՞ս պատվաստումները կապ ունեն աուտիզմի առաջացման հետ, բայց պատճառահետևանքային կապ չգտան: Պարզ դարձավ, որ պատվաստում ստացած ու չստացած երեխաների շրջանում աուտիզմի նույն ցուցանիշն է»,- ասաց Գայանե Սահակյանը:
Հետագայում նման հետազոտություն կատարվել է նաև Դանիայում: Այստեղ ևս նման կապ չեն գտել:
Գայանե Սահակյանի խոսքովˋ այսօր աշխարհում դադարել են աուտիզմը կապել պատվաստումների հետ:
«Ես չգիտեմ, թե Հայաստանում ինչու են սկսել այդ մասին խոսել: Միգուցե հիմա լավացել է դիագնոստիկան, ինչի հետևանքով աուտիզմի դեպքերն ավելի վաղ են հայտնաբերվում»,- նշեց նա:

Գայանե Սահակյանը չբացառեց, որ պատվաստումը կարող է մահվան հանգեցնել. «Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե զարգանա անաֆիլակսիա (շոկ): Այն շատ արագ է զարգանում, և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո հնարավոր է կանխել մահվան դեպքը: «Ես չեմ հիշում, որ վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում անաֆիլակսիայի դեպք գրանցվեր: Յուրաքանչյուր օրգանիզմին բնորոշ ռեակցիաներ կարող են լինել պատվաստումից հետո. դա կարող է լինել ցանկացած դեղամիջոցից»,- հավելեց մեր զրուցակիցը: