«Ես կարող եմ Ձեզ մի քանի տասնյակ սպառնալիքների օրինակներ բերել, որոնք հնչում են ոչ հանրապետականների շուրթերից»,- այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Կարեն Ավագյանի կողմից հնչեցված սպառնալիքներին ՀԱԿ-ի հասցեին:
«Առհասարակ նման միջադեպերն իհարկե տհաճ են, բայց ես քանիցս կրկնել եմ վերջին ամիսներին, որ եթե քաղաքական ուժերը պատրաստ չեն իրենց բոլոր մակարդակներով՝ երիտասարդներից մինչև քաղաքական մարմիններ, բարեկիրթ, սպիտակ, քաղաքական պայքարի, և եթե ոմանց թվում է, որ իրենց կարելի է ամեն ինչ, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից հնչեցնել վիրավորանքներ, զրպարտանքներ՝ մինչև փողոցային բառապաշարով համեմված, զանգվածային ակցիաների տակ քողարկված անբարո արտահայտություններ, ապա ցավում եմ, բայց ցանկացած նման գործություն առաջացնելու է հակաքայլ: Դրա համար ցանկալի է մեղավորներին փնտրել այնտեղ, որտեղից գալիս է անհանդուրժողականության, ատելության , վիրավորանքների հոսքը»,- ասաց Ա. Աշոտյանը: