Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին, որը փորձում են սկսել ՀԱԿ-ը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն, ասաց, թե այս պահին ո՛չ քաղաքական, ո՛չ սոցիալական, ո՛չ էլ տնտեսական հիմքեր չկան այդ գործընթացի համար: «Մյուս կողմից հասկանալի չէ, թե իրականում ինչ շահեր են սպասարկում այդ 4 ոչ իշխանական ուժերը: Որովհետև ակնհայտ է, որ անգամ, եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը: Եթե ոչ իշխանական ուժերը ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան: Այսինքն՝ նրանք համագործակցում են իշխանության հետ, հետևաբար, ցավով պետք է նշեմ այդ դեպքում, որ մենք չունենք ընդհանրապես ընդդիմություն հասկացությունը: Եթե այդպես չէ, ապա ընդհանրապես հասկանալի չէ գործընթացի քաղաքական տրամաբանությունը: Եթե այդ մարդիկ, ուժերը ինչ-որ ցույց տալու բան ունեն իրենց ընտրազանգվածին, կամ փորձում են տարբեր սոցիալական, հասարակական շարժումները դարձնել իրենցը, ապա այս դեպքում վստահ եմ, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ակտիվիստները թույլ չեն տա, որպեսզի որևէ մեկի քաղաքական դրոշ ծածանվի ակտիվ քաղաքացիների իրավունքների հրապարակային բանեցման գործընթացի վրա»,- ասաց Ա. Աշոտյանը:
Հարցին, թե իր կարծիքով՝ անլուրջ մոտեցու՞մ է՝ պահանջել կառավարության հրաժարականը՝ առանց նախագահի հրաժարականի, Աշոտյանը պատասխանեց. «Մի այլ տարբերակ էլ մտքովս անցավ. կարո՞ղ է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, ուղղակի Տիգրան Սարգսյանի անհատական կերպարն է իրենց խոչընդոտում դա անելու»: