Գիտնականները պարզել են, որ եթե մարդը բջջային հեռախոսն անջատի երեկոյան ժամը 9-ից հետո, ապա նրա գործերն ավելի հաջող կընթանան: Այս մասին հայտնել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Նրանք պնդում են, որ խելախոսների օգտագործումը երեկոյան և գիշերային ժամերին կարող է բացասաբար ազդել քնի որակի վրա, իսկ հաջորդ օրը` մարդու աշխատունակության վրա:
«Խելախոսներն, իհարկե, դարձել են մարդկանց կարևոր օգնականները նրանց գործունեության ժամանակ ինչպես գրասենյակներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Սակայն մեր նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ նոր ռեսուրսների և հավելվածների մշտական հասանելիության համար մարդը ստիպված է լինում վճարել` որքան երկար ժամանակ ես հատկացում հեռախոսին երեկոյան ժամերին, այնքան վատ ես աշխատելու հաջորդ օրը»,- հայտարարել է Սոթերի բիզնես դպրոցի մենեջմենթի ամբիոնի վարիչ Քրիսթոֆեր Բարնսը:
Բանն այն է, որ խելախոսնրի էկրանները հանգեցնում են քնի խանգարմանը, իսկ հաջորդ օրվա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է լավ քնել: Բացի այդ, մարդը հաջորդ օրը չի կարողանում կտրվել նախորդ օրը երեկոյան խելախոսի միջոցով ստացված տեղեկություններից և խնդիրներից: Էկրանների կապույտ գույնը ամենավտանգավորն է: Դրա նույնիսկ փոքր չափաբաժինը կարող է հանգեցնել քնի խաթարման, քանի որ այն խանգարում է մարդու օրգանիզմին արտադրել հանգստության համար պատասխանատու՝ մելատոնին հորմոնը: