Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկարի» մրցանակաբաշխության «Ֆիլմի տարվա լավագույն երգ» անվանակարգից դուրս թողնել Alone Yet Not Alone ֆիլմի կոմպոզիտոր Բրյուս Բրոթոնի երաժշտությունը, քանի որ վերջինս խախտել է արդար մրցակցության կանոնները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Օսկարի» մրցանակաբաշխության պատասխանատուներն ասել են, որ Բրոթոնը, ով նաև այդ մրցանակաբաշխության պրոֆիլային հանձնաժողովի անդամ է, էլեկտրոնային նամակներ հղել կինոակադեմիայի անդամներին` հիշեցնելով, որ ինքը նույնպես հավակնորդների թվում է: Կանոնի համաձայն` 240 ակադեմիկոսները ստանում են հավակնորդների աշխատանքերը` առանց նշումների, թե որ ֆիլմից է երաժշտությունը և ով է հեղինակը, որպեսզի այդ հանգամանքը չազդի նրանց ընտրության վրա:
Կինոակադեմիան որոշել է նաև չընդգրկել նոր աշխատանք հավակնորդների ցուցակում, ինչը նշանակում է, որ ակադեմիկոսներն ընտրություն են կատարելու չորս աշխատանքից: