Այս գիշեր բերման է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 9 ակտիվիստ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց բերման ենթարկված ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը:
«Գիշերը ժամը 2:20 մի մասին բերման են ենթարկել Ամիրյան փողոցի վրայից, մի մասին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի մոտից: Նրանք նախապես պլանավորել էին, երբ մենք դուրս եկանք, չհասցրեցինք ոչ մի բան անել, ու մեզ արդեն բերման ենթարկեցին»,-պատմում է Վարդան Հարությունյանը:
Երիտասարդներին բերման են ենթարկել հանրային տարածքների ոչ ճիշտ օգտագործման պատճառաբանությամբ: Նրանք մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիա էին կազմակերպելˋ «Սերժիկ՝ պետական դավաճան» կարգախոսով:
«Փաստացի նրանք վախեցած են հատկապես այն բանից, որ բարձրաձայնվում է Սերժ Սարգսյանի պետական դավաճանությունները, եւ նրանք վախեցած են մարտի 1-ի հանրահավաքից: Վախում են, որ շատ մարդ կարող է հավաքվել, վախում են կորցնել իշխանությունը, պատասխանտվության ենթարկվել: Այդ իսկ պատճառով նման քայլերի են դիմում, որ վախեցնեն մարդկանց»,-նշում է Հարությունյանը:
Ոստիկանությունում հայտարարել են, որ բերման ենթարկվածները գտնվում են վարչական կալանքի տակ, եւ նրանց ազատ են արձակել 3 ժամ անց (ժամըˋ 5:20-ին):
ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, մեկնաբանելով ՀԱԿ-ի 9 ակտիվիստների բերման փաստը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրեմն, մեր ՀԱԿ-ի իրավաբանները ճշտեցին, որ տղաներին Վարչական իրավախախտումների օրենսգրքի 259-261-րդ հոդվածների համաձայն ենթարկել են Վարչական ձերբակալության:
Արձանագրության մեջ նշված է ժամը 02:20, նույն օրենսգրքի 262-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական ձերբակալությունը չի կարող տեւել ավելի, քան երեք ժամ»: