Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935, թվականի փետրվար 12, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ Աշխատել է 1955-58-ին լինոտիպիստ՝ Երևանի N2 տպարանում, 1958-62-ին՝ սրբագրիչ “Սովետական գրականություն” ամսագրում և Գրական թերթում։ Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած “Ահնիձոր” ակնարկով։ ՍՍՀՄ գրողների միության անդամ1964 թվականից։ 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն,ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով:
Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:
Նրա վիպակների հիման վրա կինոնկարներ նկարահանվեցին («Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը»), ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը: Նրա բոլոր գործերը թարգմանվեցին և տպագրվեցին ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:
Մաթևոսյանը 1996 թ-ին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2004 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին: