Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները նախապատրաստում են երկու երկրների նախագահների հանդիպումը, այս մասին արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են երկու կողմերն էլ: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում ադրբեջանական սադրանքները, երբ հայկական կողմը մի քանի կորուստ ունեցավ, դրանք հասարակական-քաղաքական շրջանակներում նոր քննարկման առիթ հանդիսացան, և կային գործիչներ, ովքեր գտնում էին, որ բանակցությունների պետք չէ գնալ: Եվրոպահայերի միության ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը AraratNews.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա սահմանային միջադեպերի հաջորդ օրը կհայտարարեր բանակցությունները դադարեցնելու մասին: Աշոտ Գրիգորյանի այս տեսակետը չի կիսում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը։ Նա կարծում է, որ բանակցությունները դադարեցնելով Հայաստանը ոչինչ չի շահի, ընդհակառակը՝ կկորցնի շատ ավելին. «Բանակցությունները դադարեցնելը Հայաստանին ոչինչ չի տա, և ավելին, այն մեզ անդառնալի վնասներ կհասցնի: Առաջին անգամ չէ, որ սահմանային միջադեպեր են լինում։ Եթե այդ պատճառով բանակցային պրոցեսից պետք էր դուրս գալ, ապա մենք պետք է դուրս գայինք 20 տարի առաջ: Նոր չեն նման միջադեպեր լինում: Ադրբեջանական կողմը միշտ էլ խախտել է հրադադարի ռեժիմը: Հիմա դուրս գալով այս պրոցեսից՝ մենք կհայտնվենք ծիծաղելի իրավիճակում»,- ասաց քաղաքագետըˋ ավելացնելով, որ սահմանային միջադեպերի դեպքում Հայաստանը ուղղակի պետք է իր դիրքորոշումը խստացնի և ոչ թե դուրս գա պրոցեսից. «Այն մարդը, ով առաջարկում է դուրս գալ այդ պրոցեսից՝ նա ազգի դավաճան է»,- հայտարարեց քաղաքագետըˋ ավելացնելով, որ իր ասած ամեն բառի համար պատասխանատու է: