Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է, եթե կողմերն աշխատեն այդ ուղղությամբ:
Պատասխանելով շվեյցարական RTS հեռուստաալիքի լրագրողի հարցերին` նա ասել է, որ Թեհրանում ապագայում կարող է վերաբացվել ԱՄՆ-ի դեսպանատուն: «Ոչ մի հակամարտություն և ոչ մի բարեկամություն չի կարող ընդմիշտ լինել: Մենք պետք է վերափոխենք հակամարտությունը բարեկամության», — ասել է Ռուհանին:
Իրանի նախագահն այժմ գտնվում է շվեյցարական դավոսում, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Այստեղ նա ասել է, որ Վաշինգտոնի հետ նախկինում եղել են դժվար հարաբերություններ, սակայն այդ խնդիրը կհաղթահարվի, եթե ջանքեր գործադրվեն:
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին ծայրահեղական կազմակերպությունների կողմից ամերիկյան դեսպանատան գրավումից հետո: Ներկայում երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններն իրականացնում են Շվեյցարիայի դեսպանատների միջոցով: