Ճապոնիայում արտակարգ իրավիճակների դեպքում Միացյալ նահանգները կարող են «Ծագող արևի» երկիր բերել միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի ստորին պալատում։ Հաղորդում է NHK-ը։
Նախարարին հարց է ուղղվել, թե արդյոք ինքը կիսո՞ւմ է իր նախկին գործընկերոջ՝ Կացույա Օկադայի այն կարծիքը թե երկրի անվտանգության ապահովման համար Տոկիոն պետք է թույլատրի իր տարածքում տեղադրել ամերիկյան միջուկային զենք։ «Այո, նման կարծիքը դեռ օրակարգում է»,- ասել է Կիսիդան։
Ճապոնիայում երկրորդ աշխարհամարտից հետո գործում է երեք սկզբունք՝ չունենալ, չներկրել և չարտադրել միջուկային զենք։ Սակայն Տոկիոն պատրաստ է անել որոշ բացառություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Ճապոնիայի և Չինաստանի միջև լարված հարաբերություններ են, իսկ Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք, որը սպառնում է օգտագործել տարածաշրջանում՝ իր դեմ սանձազերծված պատերազմի դեպքում։