ԱՄՆ նախագահի կայքում հայտնվել է պահանջագիր, որով դիմողները խնդրում են իշխանություններին՝ կացության իրավունքից զրկել կանադացի երգիչ Ջասթին Բիբերին և արտաքսել նրան երկրից։ Պահանջագրի հեղինակները նշում են, որ երիտասարդը «ոչ միայն վտանգ է ներկայացնում ամերիկացիների համար, այլև վատ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա»։
Այս պահի դրությամբ պահանջագրի տակ ստորագրել է ավելի քան 10 հազար մարդ։ Եթե մինչև փետրվարի 22-ը հավաքվի ավելի քան 100 հազար ստորագրություն, ապա ԱՄՆ-ի իշխանություններն, ըստ ընթացակարգի, պետք է արձագանքեն այդ պահանջագրին։
Ամերիկացիների համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ Բիբերը հերթական անգամ ձերբակալվել է Մայամի Բիչում անսթափ վիճակում մեքենա վարելիս։ Հետագայում պարզվել է, որ նրա վարորդական իրավունքը ժամկետանց է եղել, իսկ Բիբերը գտնվել է ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ։