տուն Լուրեր Ադրբեջանցիները բողոքի նոտա կուղարկեն, եթե Արցախը ներկայացվի «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Ադրբեջանցիները բողոքի նոտա կուղարկեն, եթե Արցախը ներկայացվի «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

162
0

12451

Երեկ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարել էր, որ սույն թվականի հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին, բացի այդ, միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը։

Ի պատասխան այս հայտարարության՝ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Ջավիդ Քազիմովը հայտարարել է, որ կազմակերպիչներն իրենց հավաստիացրել են՝ Արցախի Հանրապետությունն այդ ցուցահանդեսին չի ներկայացվելու, սակայն եթե հայերին, այնուամենայնիվ, հաջողվի նման ակցիա իրականացնել, իրենք համապատասխան քայլեր են ձեռնարկելու։

«Մենք բողոքի նոտա և նամակ կուղարկենք համապատասխան գերատեսչություններին, ինչպես նաև հանդիպումներ կանցկացնենք, եթե նման բան կատարվի ցուցահանդեսի ժամանակ», — Քազիմովի խոսքերն է մեջբերում «ԱՊԱ»-ն։

Նշենք, որ այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առևտրային գործակալների և 92 հազար այցելուների մասնակցություն վերոնշյալ ցուցահանդեսին:

Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր և քարտեզներ իսպաներենով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here