ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպմանը:
«Մինսկի խմբի համանախագահողները իրենց հրապարակած հաղորդագրությունում, արտգործնախարարների հանդիպումից հետո, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս սահմանի երկայնքով տեղի ուենցած իրադարձություններինˋ հատկապես Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետեւանքներին»,-ասաց Մանոյանըˋ անդրադառանլով ԼՂՀ շփման գծում տեղի ուենցած դիվերսիոն գործողություններին եւ Տավուշի սահմանամերձ շրջանի ուղղությամբ հնչած կրակոցներին:
Նա նշում է, որ Ադրբեջանի կողմից սահմանի խաղաղության խափանմանն ուղղված քայլերը ընդունելի չեն եւ միշտ էլ կարելի է նման պաշտոնական հանդիպումների նախօրեին այսպիսի պահվածք ակնկալել Ադրբեջանից:
Կիրո Մանոյանի կարծիքով, Արցախի բանակցությունները շատ հեռու այս ձեւով չեն կարող գնալ եւ արդեն ժամանակն է, որ ԼՂՀ-ն, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ չի կարող երկար իր այս վարքագիծը պահել:
«Սրանից հետո իմաստ չունի մասնակցել այդ հանդիպումներին, եթե այս է լինելու Ադրբեջանի պահվածքը: Իսկապես հաջորդ անգամ նախատեսված հանդիպման նախօրեին, նման դեպքերը պետք է պատճառ դառնան, որ հայկական կողմը ասի, որ սա ընդունելի չէ, եւ մենք չենք մասնակցելու: Թեեւ ես չեմ կարծում, որ հայկական կողմը նման կերպ կվարվի»,- ասաց Մանոյանը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է պատերազմի վերսկսումը, Մանոյանը պատասխանեց, որ պատերազմի հավանականությունը մեծանում է, երբ զինադադարի խախատման դեպքերն են մեծանում շփման գծում:
«Վստահ չեմ, որ Ադրբեջանն ուզում է պատերազմ, քանի որ արդեն կսկսեր: Բայց, որ նրա քայլերը բերում են պատերազմի վերսկսման՝ միջնորդները պետք է հասկանան: Ադրբեջանը չի սկսում պատերազմ, որովհետեւ վստահ չէ իր ուժերի վրա, եւ անհրաժեշտ է, որ միջնորդ կողմերը շատ հստակ գնահատական տան կատարվածին եւ ոչ թե թաքնվեն կեղծ գնահատականների ներքո»,-հավելեց Մանոյանը:
Լիլիթ Առաքելյան