Պենտագոնը անտարբեր է բոլոր այն տեղեկությունների նկատմամբ, որոնց համաձայն՝ Իրանը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ-ի սահմանների մոտ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով գերատեսչության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենին։ Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հաղորդել էր, որ իրանական զինված ուժերի ռազմանավերը շարժվել են ԱՄՆ-ի սահմանների ուղղությամբ։
«Ուորենն ասել է, որ Պենտագոնը տեղեկություն չունի իրանական ռազմանավերի՝ ԱՄՆ-ի սահմանին մոտենալու մասին․ «Մենք մտահոգված չենք Ատլանտիկա ռազմանավեր ուղարկելու նրանց հայտարարությամբ»։ Ուորենը միաժամանակ նշել է, որ եթե իրանական նավերն իրոք հայտնվեն Ատլանտյան օվկիանոսում, ապա «նրանք չպետք է զարմանան բազմաթիվ այլ նավատորմերի ներկայությունից, որոնք նույնպես լինելու են այնտեղ»։
Fars գործակալությունը Ատլանտյան օվկիանոս ռազմանավեր ուղարկելը պայմանավորել է Պարսից ծոցում ամերիկյան ռազմական ներկայության ավելացմամբ։