Սիրիայի իշխանությունները թեև համաձայնել են ոչնչացնել քիմիական զենքի պաշարները, սակայն կա հավանականություն, որ նրանք կենսաբանական զենք արտադրելու համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը։
«Մենք ենթադրում ենք, որ կենսաբանական զենք ստեղծելու սիրիական ծրագրի որոշ տարրեր դուրս են եկել գիտահետազոտական աշխատանքների շրջանակներից, ուստի չի բացառվում, որ Սիրիան կարող է կենսաբանական զենքի սահմանափակ նյութերի քանակ ստեղծել իր երկարաժամկետ ծրագրի շրջանակներում», — Կլեպերի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության ներկայացուցիչները հունվարի 27-ին հայտարարել են Սիրիայից քիմիական զենքի երկրորդ խմբաքանակը դուրս բերելու մասին։