Ժառանգության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում դրական որակեց, որ քաղաքական մեծամասնությունը համաձայնել է գազային խնդիրների հետ կապված լսումներ կազմակերպել Ազգային Ժողովում, չնայած, որ ժամանակավոր հանձնաժողով ստղծելու նախագիծը տապալվել էր: Այնուամենայնիվ, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ ԱԺ-ում ստեղծված բոլոր հանձնաժողովները շոուի մաս են կազմել, ինչպես մարտի մեկի կամ մազութի գործի քննման հանձնաժողովները: «Վստահ եմ, որ թույլ չէր տրվի հանձնաժողովին՝ էական գործողություններ կատարել: Այդ պարտքը որևէ կերպ չի արձանագրվել պետական ոչ մի փաստաթղթերում, այդ պատճառով, հեշտ է ապացուցել, որ այդ գումարը պարտք չի հանդիսանում, սակայն իրավական ձևակերպումների առումով դժվարություններ կառաջանային հանձնաժողովում»,- պարզաբանեց Ստյոպա Սաֆարյանը: Խոսելով կենսաթոշակային կուտակային համակարգի մասին, նա ասաց, որ գրեթե բոլոր պետական գերատեսչությունները պահումներ են կատարել` անկախ Սահմանադրական դատարանի որոշումից, ինչն օրենքի խախտում է: ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն էլ շեշտեց, որ գործ ունենք որոշման մեկնաբանության հետ: Ըստ նրա` ընդամենը կասեցվել են տույժ-տուգանքները, ինչը չի նշանակում, որ գործատուն պարտադիր կուտակայինին հատկացումներ չի կարող անել: Ստյոպա Սաֆարյանն էլ պարզաբանեց, որ հատկացումները պարտադիր են եղել և հաշվի չի առնվել աշխատակիցների ցանկությունները: Ի պատասխան` Արտակ Դավթյանն ասաց, որ եթե խախտվել են աշխատակիցների իրավունքները, ապա կարող են հարցը դատական կարգով լուծել: