Բաքվի վերաքննիչ դատարանը փակ ընթացակարգով քննարկելով փաստաբանների բողոքն, ուժի մեջ է թողել «Թալիշո Սադո» ադրբեջանական թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովի 5 տարվա ազատազրկման դատավճիռը: Հիշեցնենք, որ Մամեդովը մեղավոր է ճանաչվել «Դավայ, դո սվիդանիյա» հայտնի տեսահոլովակի համար:
Լրագրողը ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսին: Իսկ սեպտեմբեր ամսին Բաքվի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել պետական դավաճանության, ինչպես նաև թմրանյութ պահելու համար: Իրավապաշտպաններն ու Մամեդովի պաշտպաններն այս դատավճիռը քաղաքական հետապնդման հետևանք են համարում:
Մեղադրանքը ներկայացնող կողմը փաստում է, որ Մամեդովը 1992 թվականից համագործակցել է հատուկ ծառայությունների հետ: Մինչդեռ միջազգային շատ իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են՝ լրագրողին 5 տարով ազատազրկելու իշխանությունների որոշումը:
Գիլալ Մամեդովը լայն հասարակությանը հայտնի է դարձել իր տեսահոլովակով, որն ըստ իշխանությունների, ուղղված էր նախագահ Ալիևի դեմ: