տուն Քաղաքական Վերլուծական Ղալաթ են անում. երբ «ճաք տվածների» ամոթը երկակի ստանդարտներ ունի

Ղալաթ են անում. երբ «ճաք տվածների» ամոթը երկակի ստանդարտներ ունի

1472
0

«Որպես իրավաբան երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացություն ունեմ»,- ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի խոսքեր են ԱԺ-ի որոշումից հետո:

Իսկ ինչ է որոշել խորհրդարանը: Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, երբ հանրությունը մերժեց ընտրակաշառքներով, կեղծիքներով ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգը, այդ նույն համակարգին պարտադրեց իր կամքը, վարչապետի իր թեկնածուին, դատաիրավական համակարգը չէր կարող անմասն մնալ հեղափոխության կանոններից: Իսկ այն, որ դատաիրավական համակարգը ծառայել է նախորդ ռեժիմին, դակել բոլոր որոշումները, զանգով արդարադատություն իրականացրել` կասկածի տեղիք չկա. բավական է ընդամենը նայել ՄԻԵԴ-ի վճիռները Հայաստանի դեմ տարբեր գործերով:

Սահմանադրական դատարանը, որպես իրավական համակարգի կարևոր օղակ, չէր կարող անմասն մնալ փոփոխություններից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի գրիչի պատմությունից հետո իր լայվերից մեկում անկեղծ ու հստակ ասաց` որեւէ զտում նախկին ու ներկա պաշտոնյաների չեն արել, երբ եկել են իշխանության: Եթե այդ պաշտոնյաներն աշխատել են եւ աշխատում են օրինական, ապա որեւէ խնդիր իշխանությունը նրանց հետ չունի: Սակայն պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ըստ որի` Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Մասնավորապես, Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են առանց համապատասխան դիմումի՝ այն ժամանակվա ԱԺ նախագահի գոյություն չունեցող հիմնավորման հիման վրա։ Բնականաբար, քրեական գործի հարուցումից ու դրա հրապարակումից հետո ՍԴ նախագահի ու այդ կառույցի ցանկացած վճռի անաչառություն դրվում է կասկածի տակ:

Իսկ հիմա ամոթի մասին` որպես բարոյական կատեգորիայի: Արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի ամաչում, երբ  նախկին իշխանության օրոք Սահմանադրություն փոխվեց նույն իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երրորդ ժամկետով երկարաձգելու համար, որը ներկայացվեց ժողովրդավարության լոլոների անվան տակ: Արդյոք Հրայր Թովմասյանը չի ամաչում, երբ իր նախկին «շեֆ» Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց` այլեւս չի հավակնելու որեւէ պաշտոնի, չի առաջադրվելու, սակայն դրժեց իր հայտարարությունը` փոխված Սահմանադրությամբ երրորդ անգամ, թեեւ մի քանի օր,  առաջադրվեց վարչապետի պաշտոնում:

Արդյոք չի՞ ամաչում Հրայր Թովմասյանը, երբ լինելով արդարադատության նախարար, նախկին իշխանության օրոք «բռնաբարվում» էր արդարադատությունը. ընտրակաշառքներով, վարչական ռեսուրսով ընտրություններ էին կեղծում, ըստ ՄԻՊ-ի զեկույցների` դատապարտյալներին պահում անտանելի պայմաններում, նրանց հանդեպ դրսեւորում անտարբեր վերաբերմունք, դատապարտյալների պատժի կրման համակարգն անկատար էր, որոնց պատճառով դատապարտյալները ծայրահեղ քայլերի էին դիմում` կարում բերանը, իսկ Հրայր Թովմասյանը դա համարում էր աղջիկների ականջին օղ դնելու նման մի երեւույթ:

Չի՞ ամաչում արդյոք Հրայր Թովմասյանը, երբ ՄԻՊ-ը դատական ատյաններում կաշառքի չափերի մասին զեկույց հրապարակեց, որից հետո իր կուսակիցները սկսեցին խայտառակ արշավ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դեմ, արհեստական խոչընդոտներ ՄԻՊ-ի գործունեության դեմ, որի պատճառով նրա հրաժարական տվեց:

Չի՞ ամաչում արդյոք Հրայր Թովմասյանը, երբ  նախկին իշխանության օրոք քաղաքական 4 ուժերին` ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին եւ «Ժառանգության», «ղալաթ են անում» պատասխանն էր տալիս «ճաք տված» կառավարությանը հրաժարականի պահանջ հնչեցնելու համար:

Արդյոք չի՞ ամաչում Հրայր Թովմասյանը,  երբ իր գրած սահմանադրությունը դարձյալ վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի բաժանման փորձերի, մարդկանց ցուցակագրելով են անցկացրել:

Արդյոք չի՞ ամաչում Հրայր Թովմասյանը, երբ կրթօջախների ներկայացուցիչներին, ուսուցիչներին ներգրավում էին ձայն բերելու խայտառակ, ուսուցչի համար անպատվաբեր նսեմացուցիչ պրոցեսում:

Սակայն այս հարցադրումերը, սակայն, միայն Հրայր Թովմասյանին չեն վերաբերվում: Լսելով ՍԴ երեկվա այլ անդամների պարզաբանումները վարկերի, բարձր աշխատավարձերի մասին՝ հարց է ծագում, թե ինչու, ի վերջո, իրավունքի տեսությունը Հայաստանում զարգացնելու անհագ մղումն այդպես էլ չառաջացրեց վստահություն դատական համակարգի հանդեպ, ինչու, ի վերջո  տեղի, ունեցան 2018 թ-ի գործողությունները, և հանրության մեծ մասն ընդվզեց:

Ինչու այդ նույն դատավորները, որոնք հիշեցնում են 1995 թ-ին ինչպիսի համարձակությամբ են խոսել այս կամ այն արատավոր երեւույթի դեմ, այդպես չեն ընդվզել հասարակական հնչեղություն ստացած, հանրային շահը ոտնահարող, 1995-ին հաջորդած իշխանության օրոք առաջացած խնդիրների մասին:

Մեկ օրինակ. երբ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոսը ՀՀ կառավարության նախկին իշխանության ձեռամբ վաճառվեց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը կասկածելի հիմնավորումներով, որեւէ ծպտուն, որեւէ բողոք, բացի հանրային, լրագրողական շրջանակներից, չի լսվել:

Եւ վերջապես ինչպես կարելի է անձնական հաշիվները` վարկերն ու կոմֆորտ պայմաններում ամսական 793.000-1 մլն դրամ աշխատավարձ ստանալը, ստորադասել հանրային պահանջին` դատաիրավական համակարգի բարեփոխմանը, երբ այն նույն պայմաններն առաջարկում էր այս իշխանությունը` մասնավորապես, հրաժարվել ՍԴ դատավորի աշխատանքից եւ բարձր թոշակ ստանալ: Առաջարկ, որը հանրային-քաղաքական շրջանակների մի մասի համար թեեւ անընդունելի էր, սակայն ՍԴ դատավորները, որոնք այսօր նեյնիմ-նեյնիմ են անում, «սա ինձ, սա քեզ, միայն արդարաբար, Շուրա»՝ Պանիկովսկու սկզբունքով առաջնորդվում, իշխանության առաջարկը մերժեցին, ուստի կարելի է ենթադրել, ողջամիտ կասկած ունենալ` ՍԴ-ի աթոռներից կառչելն ամենեւին էլ իրավական կամ սոցիալական բնույթ չունի: Իսկ թե ինչ, հուսանք` կբացահայտեն պատկան մարմինները: Աներկբա է`դատաիրավական համակարգն այլընտրանք չունի` հանրային պահանջը պիտի իրականացվի` բարեփոխումներ պետք է լինեն:

Սոնա Դավթյան