տուն Լուրեր «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար անհրաժեշտ է 25 մլն դոլար

«Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար անհրաժեշտ է 25 մլն դոլար

163
0

zvartnoc

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի արդիականացման նոր նախագիծն այսօր հրավիրված քննարկմանը ներկայացրեցին ճարտարապետները՝ Անահիտ Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը:

««Զվարթնոց» օդանավակայանի հարցը թեժացել է և երկու տարուց ավել շրջանառության մեջ է գտնվում առաջին հերթին այն պատճառով, որ շինությունը ճանաչվել է որպես մշակութային մեծ արժեք ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան հարթակներում»,-  այսօր  «Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքի արդիականացման նոր նախագիծը» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետի խոսքով, օդանավակայանն այն կառույցն է, որը ժամանակի ընթացքում զարգացման կարիք է ունենում և չի բացառվում, որ դրա հետևանքով շենքերի հարմարավետության մեջ որոշակի փոփոխություններ լինեն, բայց դա չի նշանակում, որ մշակութային արժեքը ստորադասվի այդ խնդիրներին:

«Բոլոր երկրներում, որտեղ այդ հարցը ծագել է, արժեք ներկայացնող օդանավակայանները պահվել են ու օգտագործվել են մեկ այլ նպատակով, բայց չեն քանդվել»,- նշեց ճարտարապետն ու հավելեց՝ «Զվարթնոց» օդանավակայանն այնպիսին չէ, որ օգտագործես այլ նպատակներով:

«Զվարթնոց» օդանավակայանը հնարավորություն ունի ծառայելու որպես օդանավակայան՝ մասնակի փոփոխություններ անելով, համոզված է Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետը վստահեցրեց, որ իրենց ստեղծագործական և ինժեներական ներուժն այնպիսին է, որ ցանկացած պահին կարող են լուծել օդանավակայանի մասնակի վերանորոգման խնդիրը:

«Այս նախագծով ցույց է տրված, որ այսօրվա օրով գոյություն ունեցող «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր է մոդեռնիզացնել, այս նախագծի վրա աշխատելուց մենք  գտել ենք երեք-չորս տարբերակներ, որոնք կարող են մշակվել, իսկ թե որը վերջնական կլինի՝ պարզ կլինի երկարատև աշխատանքից հետո»,- նշեց բանախոսներից ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Ըստ Թարխանյանի՝ նախնական հաշվարկներով «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար անհրաժեշտ է 25 միլիոն դոլար, իսկ գլխավոր շեշադրումն էլ դրվելու է  ապակեպատման վրա: