«Մենք կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին մեր գործընկերներին` ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին, մեր ամբողջ հասարակությանը, կենտրոնանալ ամենակարևոր խնդրի իրագործման վրա, դա այն է, որ մենք կարողանանք ստեղծել ԸՕ փոփոխության միասնական պահանջների պլատֆորմ»: Նման կոչ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ իրենք այս կոչն են անում, որովհետև գտնում են, որ այսօր այն երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն է: Փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ կարող է լինել քաղաքական դաշտում` կոալիցիա, նշանակումներ, հրաժարականներ, բայց երկրի խնդիրները չեն կարող լուծվել, և չարիքները մնում են»,- ասաց Զուրաբյանը՝ հայտարարելով, որ երկրում կա կոռուպցիա, տնտեսության մոնոպոլիա, որը խեղդում է երկրի տնտեսությունը: Այս և մյուս բոլոր խնդիրները ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, լուծում չեն ստանում, անգամ այն պարագայում, երբ ասենք ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն «ամուսնանան կամ բաժանվեն»: «Ինչքան էլ Սահմանադրությունը փոխեն, ինչքան էլ ծրագրեր ներկայացնեն հասարակությանը՝ ոչ մի բան չի փոխվի, եթե չփոխվի գլխավոր չարիքը` այն, որ Հայաստանը ի վիճակի չէ ազատ և արդար ընտրություններ անցկացնել, և ձևավորել իշխանություն: Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ ստեղծվել է շատ բացառիկ մի հնարավորություն, այդ ուղղությամբ թռիչքաձև բեկում կատարել»,- ասաց Զուրաբյանը:
ԱԺ պատգամավորի կարծիքով, եթե հասարակությունը համախմբվի, հնարավոր կլինի փոխել իր խոսքով՝ ռեժիմի խաղի կանոնները:
Լևոն Զուրաբյանը նշեց. թե ՀԱԿ խմբակցությունը ԸՕ վերափոխման հետ կապված հայտարարություն արդեն իսկ արել է: «Արել ենք այդ թվում և մի քանի առաջարկ, դա կապված է և ցուցակների հրապարակման հետ` ընտրություններից հետո, դա կապված է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հետ»,- նշեց նա:
Լևոն Զուրաբյանն ասաց, թե միջազգային հանրությունը ևս չի պատրաստվում այլևս հովանավորել այս իշխանություններին: Նա օրինակ բերեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ կապված Սահմանադրական փոփոխությունների ընտրական գործընթացի հետ: «Կա մի նորություն, դա այն,է որ հասարակության մեջ ստեղծվել է անհանդուրժողականության մթնոլորտ, և ձևավորվում է մոտակա կոնսենսուս: Կարծես թե առաջին անգամ միջազգային հանրությունը պատրաստվում է մեզ օգնել: Հնարավոր է հասնել զիջումների, և իշխանությունը ստիպված կլինի զիջել, երբ որ տեսնի ներքինոեւ արտաքին ճնշումների կոնսոլիդացիան»,- ասաց նա:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ համախմբման հետ կապված հարցը քննարկել է »Ժառանգություն» կուսակցության հետ: Մասնավորապես, հանդիպում եղել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: «Ոտքի» վրա քննարկումներ եղել են նաև ԲՀԿ ղեկավարի և ՕԵԿ ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Զուրաբյանն ասաց, որ Դաշնակցությունից այլեւս լավ բան չեն սպասում, չնայած, որ եթե իրենք ցանկանան, ապա կարող են մասնակցել քննարկումներին: