Ադրբեջանական զորավարժությունները նպատակ ունեն Հայաստանին ցույց տալ սեփական մկանները: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին, ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ապրիլյան կարճատև պատերազմից հետո պետք է ամեն ինչին ուշի ուշով հետևենք և ավելի զգոն լինենք: Վախենալու մասին խոսք չկա, բայց զգոնություն պահպանելը պարտադիր է: Ադրբեջանական կողմն այսպիսի զորավարժություններ անելով մեզ իր մարզած մկաններն է ցանկանում ցույց տալ, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, ինչպես նաև սեփական հասարակությանն է ցանկանում ցույց տալ ձեռք բերած զինտեխնիկան»,- նշեց Համբարյանը և հավելեց, որ համատեղ զորավարժությունները դիվանագիտական մեսիջ են` ուղղված պաշտոնական Երևանին, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը շարունակում է գործել ի վնաս Հայաստանի և Արցախի:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվացմանը Սիրիայի և Իրաքի սահմանին, քաղաքագետն ընդգծեց` այստեղ նպատակները տարբեր են. «Վերջին հանդիպումից հետո, որին մասնակցում էին Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչներ, ձեռք բերվեց նոր համաձայնություն, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում պետք է ձևավորվի ևս մեկ անվտանգության գոտի, և հիմա Թուրքիան փորձում է այդ գոտու ձևավորման համար քայլեր ձեռնարկել: Եվ ամենակարևորը` պաշտոնական Անկարան հայտարարել է, որ արդեն պատրաստ է երկրորդ ռազմական օպերացիան կազմակերպել Սիրիայի տարածքում: Առաջինը «Երկաթե վահան» գործողությունն էր, որի արդյունքում թուրքերը բավականին տարածքներ ձեռք բերեցեին Սիրիայի հյուսիսում:
Իրաքի սահմանին զորավարժություններ անելով էլ Թուրքիան հասկացնում է Քրդստանի իշխանություններին, որ սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն իրաքյան Քրդստանում բացարձակ չի համընկնում Թուրքիայի արտաքին քաղաքականության շահերի հետ: Կուտակումները Իրաքի սահմանին մեսիջ են իրաքյան Քրդստանին, որ ավելի զուսպ լինեն և չփորձեն ընդդիմանալ Անկարային»:
Զորավարժություններ կազմակերպելը բավականին դժվար գործ է, դրանք ահռելի ֆինանսական ծախսեր են ենթադրում: Գագիկ Համբարյանը նշեց, որ Բաքուն փորձում է թատերական այդպիսի ներկայացումների միջոցով, ինչպիսիք այդ զորավարժություններն են, ինչ-որ բաներ հաղորդել մեզ. «Այդ զորավարժություններից նաև կարելի է ինֆորմացիա ստանալ թե´ ադրբեջանական զինուժի հնարավորությունների, թե´ նրա զինտեխնիկայի որակի մասին: Նաև իրենց ներքին հասարակությանը համոզելու խնդիրն է, որ, ինչպես իրենք են ասում` պատրաստ են նոր տարածքներ ազատագրելու»:
Էմմա Հովսեփյան