տուն Լուրեր Զորամասերում կատարված սպանությունները չբացահայտելու հատուկ միտում կա

Զորամասերում կատարված սպանությունները չբացահայտելու հատուկ միտում կա

141
0

zu

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքի և չբացահայտման հնարավոր պատճառների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը.«Կուզեի խոսել այն հինգ-վեց գործերի մասին, որոնց հետ կապված մենք պարբերաբար աշխատում ենք զոհված զինծառայողների ծնողների հետ: Այդ անպատկերացնելի վիշտը մի կողմ, որը երևի երբեք չի սփոփվի, այս ծնողները գոնե ուզում են իմանալ, թե որն է իրենց որդիների մահվան պատճառը և ովքեր են մեղավորները: Քանի տարի է այս պայքարը գնում է, բայց որևէ մեկը չի պատժվում»:

Ավետիք Իշխանյանը նաև նշեց, որ զորամասերում կատարված սպանությունների չբացահայտվելը մտահոգիչ է.«Ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այնքան ոչ պրոֆեսիոնալ չեն, որ չկարողանան բացահայտել փակ տարածքում տեղի ունեցածը: Հերթական անգամ, երբ ինչ որ բողոք է լինում, կարծես ինչ որ հույսեր են արթնանում, որոշ ժամանակ հետո սկսում են ինչ որ փորձաքննություններ, ինչ որ եսիմինչեր, հետո նորից գործերը կարճվում են»:

Բանախոսի կարծիքով՝ գործերը չբացահայտելու մեջ հատուկ միտում կա.«Լավ, մի դեպքում ենթադրենք, չկարողացան պարզել, բայց այսքա՞ն դեպքերը: Ոնց են կարողանում նայել այս կանանց աչքերին այդ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, երևի ամեն անգամ ասում են ՝ էլի սրանք եկան. չպրծանք սրանցից»:

Ասուլիսին ներկա էր նաև խաղաղ պայմաններում զոհված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը.«Պաշտոնական վարկածը ինքնասպանության դրդումն է: Որդուս, որ տեսանք՝ պարանոցի վրա պարանի երկու հետք կար, բայց բազմաթիվ հետքեր կային նաև մարմնի վրա: Որ մենք տեսել էինք մարմնի հետքերը՝ բացատրություն պահանջեցինք, բայց  մինչև այսօր պատշաճ ձևով բացատրություն չենք ստացել էդ հարցերին, թե որտեղից են առաջացել այդ հետքերը»:

Նանա Մուրադյանի հավաստմամբ՝ պատշաճ ձևով չեն իրազեկվել նաև գործի կասեցման մասին.«Այդ մասին ես տեղեկացել եմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կողմից հավաքած էդ տեղեկանքներից, երբ ես տեղեկանքը բացեցի ու տեսա, որ ներքևում գրած է, թե մեղադրյալ անձի անհայտ լինելու պատճառով քրեական գործը կասեցնում ենք: Բայց դրա մասին ես տեղյակ չեմ եղել և ոչ մի ծանուցում չեմ ստացել: Մենք դրա հետ կապված էլ դիմում ներկայացրեցինք, որ պատշաճ կերպով չեն տեղեկացրել կասեցման մասին»:

«2011 թվականին Գևորգ Կոստանյանը հեռուստատեսությամբ հայտարարություն արեց, որ Վալերիկ Մուրադյանը զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների, քննությունը շարունակվում է, մեղավորները անպայման կպատժվեն, բայց քննության գաղտնիությունից ելնելով դեռ մանրամասները չեն կարողանում հրապարակել: Այդ ժամանակ ինձ մոտ հույս առաջացավ, որ նորանշանակ դատախազը մի բան կանի, բայց մինչև այսօր դեռ ոչ մի բան չի եղել»,-նշեց զոհված զինծառայողի մայրը և հավելեց, որ որդու մահվան պատճառների վերաբերյալ նաև անիմաստ ու անհիմն վարկածներ  կան.«Ասում են, թե իմ տղան իբր տանից պլան է ուզել, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ ձևով ուզում են մեզ խառնեն: Մենք Հոկտեմբերյանում ենք ապրում, դե, ասում են, որ Հոկտեմբերյանը պլանի երկիրա, դրա համար են երևի էդ վարկածն ասում»: