տուն Լուրեր Զոհված զինծառայողներից 64-ի ընտանիքներում կան սոցիալական տարբեր խնդիրներ

Զոհված զինծառայողներից 64-ի ընտանիքներում կան սոցիալական տարբեր խնդիրներ

90
0

karavarutyun

ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 28-ին, անցկացրեց հերթական նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով իրականացրած ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների սոցիալական վիճակի ուսումնասիրության արդյունքները:

Նախարարն ասաց,  որ ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների ներյակացուցիչներից:

«Ընտանիքի սոցիալական կարիքիների նախնական գնահատումը վերաբերում է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ ուսումնասիրվել են նաեւ բնակարանային, կոմունալ եւ կենցաղային հարցերին վերաբերող հարցեր»,- ասաց նախարարը` հավելելով, որ ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ: Ըստ բնակության վայրի` Երևան և ՀՀ 9 մարզեր:

Նախարարի ներկայացրած տվյալներով` ուսումնասիրված ընտանիքներից մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ: Երեխաների թիվը կազմում է  17: Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ:

«Կան նաեւ աշխատանքի եւ զբաղվածության խնդիրներ  ունեցող ընտանիքներ, որոշ ընտանիքներում կան բուժման եւ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, այսինքն` բուժման կարիք ունեն, վարկային պարտավորությունների չկատարման հետ կապված խնդիրներ ունեն»,- ներկայացրեց Արտեմ Ասատրյանը:

«Օրենսդրությամբ սահմանված կարգով տրվելու է 2 միլիոն  ապահովագրական վճար մարտական գործողությունների ընթացքում զոհվածներին, ինչպես նաեւ 1 միլիոն 400 հազար դրամ՝  հուղարկավորության կազմակերպման եւ  700 հազար դրամ գերեզմանի ծախսերի համար»,- շարունակեց նախարարը` տեղեկացնելով, որ վճարները կատարելու  է պաշտպանության նախարարությունը:

Անաշխատունակ ընտանիքներին էլ նշանակվելու են ամսական կենսաթոշակնեեր եւ պարգևավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով: