Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն, ով պարբերաբար համագործակցում է Զինված ուժերի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հակառակորդը, ինչպես միշտ, կարևոր հանդիպումներից առաջ նման ակտիվություն ցուցաբերում է: Ըստ իրենց՝ դա մեթոդ է բանակցությունների ընթացքի վրա ազդելու համար, որպեսզի մենք «խեղճացած» լինենք:
«Բայց նրանք ամեն անգամ ստանում են պատասխան ու ճնշված, մռութները կիտած ներկայանում հանդիպումներին: Կորուստները պայմանավորված են նրանով, որ հակառակորդը սկսել է օգտագործել ավելի հեռահար կրակող զենքեր, թուրքական հրթիռներ, որոնք ավելի խորն են խոցում: Այսօր բազմաթիվ օգտատերեր սկսեցին գրել, թե ինչու է նորակոչիկը դիրքերում: Ես ինքս այդ կետից եմ գալիս և հավաստիացնում եմ, որ դա առաջնագիծը չէ: Ոչ մի երեք ամսվա ծառայող չի բարձրանում դիրքեր: Պարզապես հրթիռները հեռահար են խոցել: Տերմինները պետք է հասկանալ, ճիշտ օգտագործել և խուճապ չառաջացնել ժողովրդի շրջանում: Սա նորություն չէ, պարզապես այս անգամ հրթիռը դիպել է այն հատվածին, որտեղ մեր տղաներն են եղել»,- ասաց նա:
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանն ասում է, որ պատերազմը միշտ շարունակվել է, որոշակի ժամանակահատվածում՝ ակտիվ կամ պասիվ:
«Հիմա գյուղացիները այնքան են սովորել այդ կրակոցներին, որ երբ ավտոմատից են կրակում, գյուղացիները դա համարում են խաղաղ իրավիճակ: Մենք ունենք առաջին գծի սահմանապահ գյուղեր, որոնք առաջնագծում են, իսկ այդ կրակոցները հիմա հասել են Բերդավան և այլն»,- նշեց նա: