ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հերթական քննարկումը տեղի ունեցավ: Այս անգամ, սակայն, քննարկումը փակ էր՝ չնայած նախապես Ազգային ժողովի լրատվական ծառայությունից հայտնել էին, թե բաց քննարկում է լինելու:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը քննարկումից հետո լրագրողներին ասաց, որ ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակումը նախատեսող դրույթը փոխվելու է, եւ արդեն նշմարվում է լուծում՝ ըստ որի ԶԼՄ-ները մինչեւ 50 ներկայացուցչի անուն կարող են ներկայացնել ԿԸՀ, որն էլ կտրամադրի այդ լրագրողներին ընտրությունները լուսաբանելու համար վկայականներ:
«Ընտրատեղամասում յուրաքանչյուր ԶԼՄ կարող է ունենալ մինչեւ երկու ներկայացուցիչ կամ երկու լրագրող, կամ մեկ լրագրող եւ մեկ օպերատոր կամ լուսանկարիչ: Խիստ բացառիկ դեպքերում հանձնաժողովը երկու երրորդ ձայներով որոշում կարող է կայացնել, որ ընտրատեղամասում ԶԼՄ ներկայացուցիչների թիվը չգերազանցի 15-ը: ԶԼՄ-ների հետ կապված որեւէ այլ սահմանափակում չկա»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: