Օրեր առաջ մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում տեղի ունեցավ մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Արձանի քանդակագործը Համլետ Մատինյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը,
Արձանի վերաբերյալ կարծիքներն այսօր տարբեր են: Ոմանք ասում են, որ ժողովրդին ոգեշնչելու համար անհրաժեշտ են նման արձանները, ոմանք էլ այն համոզմանն են, որ արձանի վրա գումար ծախսել պետք չէ և առհասարակ արձանի ձևը չեն հավանել:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ քանդակի ձևը՝ մարշալը աթոռին նստած, իրեն դուր չի եկել.«Զինվորականին չի կարելի նստեցնել աթոռի վրա՝ կարծես թե հոգնած, թոշակի անցած: Կարող է դեմքը շատ նման է, բայց չարժեր գեներալին նստեցնել աթոռի վրա»,-նշեց ճարտարապետը և հավելեց, որ արձաններ կանգնեցնելու որոշումից առաջ պետք է հասկանալ, թե դրանց մեջ ինչ արժեքներ կան և ինչ խանդավառություն կառաջացնի մարդկանց մոտ: Իսկ քանդակագործի աշխատանքի և թերությունների մասին Սաշուր Քալաշյանը խոսել չցանկացավ, որովհետև այն տեսել էր միայն լուսանկարներով:
Ճարտարապետը նաև նշեց, որ իր կարծիքով՝ այս պահին չարժեր պետական միջոցներով արձան կանգնեցնել:
Մեր մյուս զրուցակից, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան ևս մարշալի արձանի ձևը չի հավանել.«Այն ինձ բոլորովին դուր չեկավ: Գողական արձաններ են լինում գերեզմանոցներում, այնպիսի տպավորություն է՝ ոնց որ այդ արձաններից լինի»:
Լուսանկարիչը ևս կիսում է Սաշուր Քալաշյանի տեսակետը, որ կարիք չկար պետական միջոցների հաշվին նման արձան կանգնեցնել.«Այդպիսի արձանները բավականին մեծ ծախսերի հետ են կապված, իսկ այդ արձանն այսօր մեր ժողովրդին ոչինչ չի տալիս, որովհետև Բաբաջանյանն այդպիսի մի փայլուն կերպար չի, որ խիստ անհրաժեշտ լիներ նրա արձանը կանգնեցնելը»:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը արձանի հարցի վերաբերյալ այլ կարծիք ունի և համաձայն չէ նշված կարծիքների հետ՝ համարելով, որ հատկապես այս օրերին ժողովրդին ոգեշնչելու համար նման արձանի անհրաժեշտություն կար.«Ես ասում եմ, որ պետք էր, իսկ ով ասում է, որ պետք չէր՝ նա թշնամի է: Նամանավանդ այս օրերին պետք էր: Նա մեր հերոսն է և արձանի տեղադրման մեջ ոգեշնչող հանգամանք կա: Արձանի ձևի լավի, վատի, որակի մասին չեմ խոսում, որովհետև դեռ չեմ ուսումնասիրել, կարծիք ասել չեմ կարող»:
Կարեն Աղամյանը նաև հավելեց, որ քաղաքում տեղադրված շատ ավելի վատ արձաններ կան, բայց չգիտես ինչու, դրանց մասին չեն խոսում.«Հանկարծ փորձում են խոսել մարշալ Բաբաջանյանի արձանի մասին, ես այդտեղ թշնամու հետք եմ նկատում: Նորից եմ ասում, որ որակի մասին չեմ խոսում, ուղղակի երևույթը շատ ոգեշնչող և լավ երևույթ է»:
Հավելենք նաև, որ մարշալ Բաբաջանյանի արձանը կանգնեցնելու ծախսերը հոգացել է ՀՀ ՊՆ-ն, իսկ գաղափարն առաջարկել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը դեռևս 2013 թվականին:
Էմմա Հովսեփյան