Այսօր լրագրողների հետ հանդիպամն ժամանակ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն անդրադարձավ հայտնի հանցավոր խմբի քրեական գործի նախաքննության ընթացքին և որպես հրապարակման ենթակա ապացույցներ ներկայացրեց մի քանի լուսանկարներ:
«Ներկայացնեմ առաջին լուսանկարը, որն Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված խմբում ընդգրկված անձանց խմբակային լուսանկարն է: Նախաքննության ընթացքում պարզված տվյալների համաձայն՝ այն արվել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում, որտեղ գտնվում է Արթուր Վարդանյանի հայրական տունը: Նախաքննության ընթացքում մեզ հաջողվել է պարզել, թե ովքեր են այն անձինք, ովքեր դիմակավորված լուսանկարվել են: Պարզվել են զենքերի, հրացանների ձեռք բերման աղբյուրները, ինչպես նաև խմբի՝ այնտեղ հավաքվելու նպատակը: Խումբն այնտեղ է գտնվել օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, մարզվել է, սովորել է զենք գործադրել, ուսումնասիրել է մարտական սպորտաձևեր: Երբ համարել են մարզումներն ավարտված, տեղափոխվել են Երևան և արդեն որպես հավաքատեղի օգտագործել են Արթուր Վարդանյանի աներոջ տունը, որը գտնվում է Արցախի փողոցի վրա»:
Միքայել Համբարձումյանը նաև ներկայացրեց մի քանի այլ լուսանկարներ, որտեղ պատկերված էին Նորք-Մարաշի առանձնատանը խուզարկության ընթացքում հայտնաբերված զինամթերքն ու ռազմամթերքը.«Հաջորդ նկարում նրանց հագուստներն են, որոնք «Հատուկ գումարտակ» տարբերանշաններով են, նաև կա ոստիկանական համազգեստ, որը խումբը նախատեսում էր օգտագործել իրենց կողմից պլանավորված գործողությունների ընթացքում: Հետաքննության ընթացքում մեզ հաջողվել է պարզել զինամթերքի, հանդերձանքների զգալի մասի ձեռքբերման աղբյուրները, հանգամանքները, վճարված գումարների չափը: Զենքերը վաճառած կամ տված, քրեական գործով պարզված բոլոր մարդիկ այսօր գտնվում են կալանքի տակ և մեղադրվում են համապատասխան հոդվածներով»:
Հետաքննության ընթացքում նաև հայտնաբերվել են հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնք ունեցել են խմբի առանձնային դերակատարություն ունեցող անձիք.«Խմբի անդամներն այդ հեռախոսներով և հեռախոսահամարներով կապ են հաստատել բացառապես միմյանց հետ: Սա խմբի քողարկմանն ուղղված գործողություն է եղել»: