տուն Լուրեր Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով վկան բերման կենթարկվի դատարան news.am

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով վկան բերման կենթարկվի դատարան news.am

72
0

zinvor1-600x399Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով վկա, տուժողի ծառայակից Լավրենտի Դավթյանը բերման կենթարկվի դատարան` ցուցմունք տալու նպատակով: Այսօր հունիսի՝ 16-ին, նման որոշում կայացրեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` բավարարելով դատավարական երկու կողմերի պահանջը: Վկային բերման ենթարկելու որոշումը կայացվեց այն հիմնավորմամբ, որ վերջինը պատշաճ ծանուցվելուց հետո արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում դատական նիստին, մինչդեռ նա գործով կենտրոնական վկա է։

Նախորդ դատական նիստին ցուցմունք տված վկա, մահացածի ծառայակից Արման Սահակյանին կրկին դատարան էին կանչել, որպեսզի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, որը նախորդ նիստին դահլիճից հեռացվել էր մեղադրողին անձնական վիրավորանք հասցնելու համար, նույնպես հնարավորություն ունենար նրան հարցեր տալու։

Այնուամենայնիվ, դատարանի դահլիճում Ռուբեն Մարտիրոսյանը վկային հարցեր չտվեց, ինչը ավելի ուշ NEWS.am–ի հետ զրույցում բացատրեց նրանով, որ նախորդ նիստին իրենք իրենց հետաքրքրող միակ հարցի պատասխանը ստացել են` վկա Արման Սահակյանը քննիչի թելադրանքով է նախաքննական ցուցմունք տվել ոչ թե սպառնալիքների պատճառով, այլ որովհետեւ հոգեկան խիստ հուզված վիճակում է եղել պապիկի մահվան պատճառով։

Վերջին հանգամանքը հաշվի առնելով` մեղադրողը հայտարարեց, որ կեղծ ցուցմունքի վերաբերյալ հաղորդում չի տա, ինչը զայրացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին, որոնք NEWS.am-ի հետ զրույցում ասացին. «Վկայից անօրինական ճանապարհով ցուցմունք կորզելու վերաբերյալ մեղադրողը հաղորդում չի տա. դա ծիծաղելի է: Վկայի հայտարարությունը պետք է ստուգվեր, մեղադրողը իր պարտականությունը պատշաճ չի իրականացրել»:

Նշենք, որ իր նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, թե տեսել է` ինչպես է ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանը ստորացնում Մանուչար Մանուչարյանին, սակայն դատարանում ասել էր իրականում ոչինչ չի տեսել, այլ դրա մասին լսել է Լավրենտի Դավթյանից։

Հաջորդ դատական նիստին՝ հունիսի 30-ին, բացի գործով վկա Լավրենտի Դավթյանից, դատարան կկանչվի նաեւ հանգուցյալ Մանուչար Մանուչարյանի զինծառայակից Հովիկ Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրականի՝  ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանը եւ Արման Ստեփանյանը «իրենց անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել են իրենց լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ: Պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է սուր դեպրեսիվ հակազդում» ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, արդյունքում, վերջինը 31.07.2013թ. ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն»:

Բաբկեն Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ, 358.1 հոդվածի 4-րդ մասով, իսկ Արման Ստեփանյանին՝ 358.1 հոդվածի 4-րդ մասով: