Ապրիլյան պատերազմի մասնակից Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար օրեր առաջ հայտարարված դրամահավաքի արդյունքում արդեն հանգանակվել է գրեթե 41 հազար դոլար՝ անհրաժեշտ 45 հազարից: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ gofundme.com կայքից:
Կայքի տվյալների համաձայն՝ անհրաժեշտ գումարը հավաքվել է 8 օրվա ընթացքում՝ 481 անձանց փոխանցումների շնորհիվ:
Նշենք, որ զինծառայողը 2016 թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում էր ստացել, արտերկրում վիրահատության կարիք ունի: Դրամահավաք իրականացնելու կոչով հանդես էր եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա այս կոչը հասարակական լայն արձագանք էր գտել, եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բուռն քննարկումների տեղիք էր տվել:
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է, միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- գրել էր նախարարը:
Նախարարի գրառման մեկնաբանությունների դաշտում բուռն քննարկումներ ծավալվեցին, ֆեյսբուքյան օգտատերերի մեծ մասին հետաքրքրում էր, թե ինչ եղան 1000 դրամները, որոնք ամեն ամիս պարտադիր կերպով պահվում են աշխատող մարդկանց աշխատավարձերից՝ բանակին ու զինվորներին օգնելու համար: Նախարար Վիգեն Սարգսյանը հատ առ հատ պատասխանում էր բոլորի մեկնաբանություններին, ոմանց՝ «ցույց տալիս իրենց տեղը»: Քննարկումները թեժացան, երբ 1000 դրամները որպես «բոշության թազա ձեւ» ներկայացրեց մեկնաբանողներից մեկը: Բոշան դու ես՝ հակադարձեց Վիգեն Սարգսյանը: