ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի պնդմամբ` քանի դեռ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ նստած չի, բանակցությունների մասին խոսելն անիմաստ է:
«Հայաստանը պետք է նախապայմաններ դնի նորմալ բանակցությունների համար` հրադադար եւ Արցախի մասնակցություն: Խոսել զիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդհանրապես զիջումների մասին չի խոսում՝ կոպիտ սխալ է»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամին տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, որ Թալիշը կորցրել ենք, որովհետև մարդիկ հնարավորություն չունեն իրենց բնակավայր վերադառնալու, Ռուստամյանը չհամաձայնեց` նշելով, որ գյուղը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ, իսկ բնակիչները չեն վերադառնում Թալիշ` անվտանգությունից ելնելով:
«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները դժվար է մեկնաբանել, ո՞վ կարող է ռիսկ անել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մեկնաբանել, դա անշնորհակալ գործ է, նրա հետքերով գնալն անհնար է »,- ընդգծեց Ռուստամյանը:
Հարցին` վտանգավոր չէ՞ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 800 հեկտարը մեզ համար որևէ ոչ ռազմավարական, ոչ մարտավարական նշանակություն չունի, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Խոսքը գնում է շփման գծում ինչ-որ փոփոխությունների մասին, պրոցես է, պատերազմը չի ավարտվել, վաղը այդ նույն շփման գիծը կարող է տեղաշարժվել. նախագահի հայտարարության իմաստը դա է , որ ջուր չլցնենք Ադրբեջանի ջրաղացին»:
Առավել մանրամասն` տեսանյութում: