Մինչև Գևորգ Կաոստանյանի խոստման կատարման ժամկետի ավարտը՝ փետրվարի 24-ը, մի քանի օր դեռևս կա, դրանից հետո ժողովուրդն իր խոսքը, ամենայն հավանականությամբ, կասի: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Իշխանությունները բացարձակ անգործության են մատնված: Նրանք փորձում են այդ նամակը գրած լինելու հագամանքով փակել պահանջը: Նրանք պարզապես ապացուցեցին, որ իշխանություն չեն, այն, ինչի կասկածները բոլորս հիմնավոր կերպով ունեինք: Անգամ այդ նամակի տեղ հասնել-չհասնելու պատմությունը: Ռուսական կողմը պատասխանել է, որ նման նամակ չի ստացել Գևորգ Կոստանյանից»,- նշեց Լևոն Բարսեղյանն ու հավելեց, որ խոսքը նամակ գրել-չգրելու մասին չէ, խոսքը, մեծ հաշվով, գործը և կալանավորին Հայաստանի արդարադատության տակ առնելն է:
«Հիմա դա անում են նամակ գրելով, թե աղոթելով, թե զենքով՝ դա մեզ չի հետաքրքրում: Առավել ևս, որ մի քանի ուղի առաջարկել ենք իրեն: Հունվարի 21-ին Աժ-ում լսումների ժամանակ Գևորգ Կոստանյանը հրապարակավ ընդունեց, որ ռուսական կողմի գործողությունները ապօրինի են եղել: Իսկ եթե ինքը դա ընդունում է, այս ընթացքում պետք է անհապաղ գործողություններ ձեռք առներ այդ ապօրինությունները վերացնելու համար: Հիմա մարդը բան չի անում ու դա նշանակում է հանցավոր անգործություն»,- ընդգծեց Բարսեղյանը:
Վերջինի համոզմամբ՝ միայն Կոստանյանը չէ հարցը: Հասկանալի է, որ սա Հայաստանի իշխանությունների վարքի հարցն է, որ փորձում են ապացուցել, որ իրենք խամաճիկ են, կամակատար:
«Այն կասկածները, որ սկզբից ունեինք, մեկ անգամ ևս հաստատվեցին»,- եզրափակեց նա: