«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։
–Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոսել էր թեժ աշնան, աշնանը սպասվող զարգացումների, արտախորհրդարանական ուժերի միավորման մասին։ Նա նաև կանխատեսել էր, որ իշխանությունները կհեռանան արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Այս փուլում փողոցային պայքարի նախադրյալներ, հնարավորություն տեսնո՞ւմ եք և ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի այս պնդումները։
-Տրամաբանությունը թույլ է տալիս ասել, որ դրանք փորձեր են՝ հետ գալու իշխանության, բայց իշխանությունից գնացողները իշխանություն չեն վերադառնում։ Դա դժվար է։ Իրենք ամեն ինչ ունեն, ֆինանսապես ուժեղ են, քաղաքականապես ուժեղ են, բայց ժողովուրդը տեսել է նրանց պաշտոնավարման տարիները և նույնին ոչ մի պարագայում չի վերադառնա։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր վարչապետը գործիքներ ունի, որով կարող է ամեն ինչի վրա ազդել։ Ժողովուրդը վարչապետի հետ է, և շատ դժվար է լինելու ընդդիմությանը, այն էլ՝ այդ տեսակ ընդդիմությանը, որևէ հաջողություն գրանցել։ Իհարկե, շատ մեծ փողեր են ծախսելու, բայց արդյունք չեն ունենալու։
–Դուք ասում եք, որ ժողովուրդը չի մոռացել նրանց պաշտոնավարման տարիները, բայց իրենք էլ մատնանշում են իրենց պաշտոնավարման տարիների երկնիշ տնտեսական աճը, շինարարական բումը, «վագրային թռիչքները»։
-Դա սուտ է եղել։ Իրենք այդ ժամանակ ստել են, կեղծել են այդ ամենը, հիմա էլ նույն սուտը շարունակում են։ Ժողովուրդը շատ լավ դա հասկանում է։ Այսօր ասում են՝ արտագաղթ կա, բայց ովքեր են արտագաղթում. նրանք, ովքեր թալանել են երկիրը։
Հիմնական ժողովուրդը, որը տարիներ շարունակ սոցիալապես ոչ բարվոք վիճակում է եղել, ամուր կանգնած է իր տեղում, և չնայած որևէ լուրջ փոփոխություն չկա՝ նրանք չեն հիասթափվում։ Իսկ չեն հիասթափվում, քանի որ հոգևոր արժեք կա, որը նախկինում չկար։ Այն ժամանակ գիտեինք, որ դա այդպես է ու այդպես էլ պետք է շարունակվի։ Դրա համար էլ մի պահից ժողովուրդը ոտքի կանգնեց։ Իսկ հիմա ժողովուրդը չպետք է հիասթափվի։ Հասկանալի է, որ 1-1.5 տարում հնարավոր չէ հասնել այն արդյունքին, որին որ ձգտել ենք։ Դրա համար ժողովրդին համբերություն է պետք, և որ մնա այն կարծիքին, որ բան է փոխվել։
–Պարոն Աղաբաբյան, Դուք խոսում եք ժողովրդի մասին, Քոչարյանը շեշտադրում է արտախորհրդարանական ուժերը, կուսակցությունները, և հասկանալի է, որ մեծ գումարներով հնարավոր կլինի որոշակի համախմբում իրականացնել։
-Ուրեմն՝ մեկընդմիշտ հիշեք՝ ամենամեծ քաղաքական ուժը ժողովուրդն է։ Ժողովուրդն ինքն է ընտրում այն ղեկավարին, որի հետ պետք է ապրի։ Այն ժամանակ ընտրությունները խախտումներով էին լինում։ Իսկ վերջին ընտրությունը ժողովրդավարական է եղել, որի արդյունքում ամենամեծ քաղաքական ուժը՝ ժողովուրդը, ընտրել է իր ղեկավարին։ Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե 15 քաղաքական ուժով կարող են առանց ժողովրդի որևէ բան անել։
–Հանրապետական կուսակցության անդամներն էլ են հրապարակավ աջակցում Քոչարյանին։ Բացառո՞ւմ եք, որ կմիանան Քոչարյանի նախաձեռնած ընդդիմադիր պայքարին։
-Ես չգիտեմ՝ ինձ այդ կուսակցությունից հեռացրել են թե ոչ, բայց ՀՀԿ-ական լինելով հանդերձ՝ ասում եմ, որ Հանրապետականը նավասարդյանական կուսակցությունն էր։ Սա խլված կուսակցություն է այնպիսիների կողմից, ովքեր երկիրը տարան կործանման։ Մի պարզ բան ասեմ՝ Նիկոլն այսօր պատրաստ է կախաղան բարձրանալու, որպեսզի այս երկիրը կառուցի։ իսկ նախկինները պատրաստ չէին կախաղան բարձրանալու։ Նրանք պատրաստ էին միայն երկիրը թալանելու, ինչը և անում էին։ Չեմ կարծում, որ այդքանից հետո ինչ-որ բան կփոխվի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում