«Ինձ ոչ մի բան չի կարող այս երկրից հեռացնել»,- ասում է ՀՀ վաստակավոր դերասան Միքայել Պողոսյանը: Իսկ երբ հարցրեցի, թե ինչն է իրեն պահում Հայաստանում, նա ասաց. «Միայն այն փաստը, որ Աստված ինձ Հայ է ծնել, արարել»: Միքայել Պողոսյանի հետ զրույցը ծավալվեց Հայաստանում առկա խնդիրների ու այն լուսավոր օրվա շուրջ, որ մի օր գալու է, պարզապես պետք է համբերել…
—Պարո՛ն Պողոսյան, Ամանորին մնացել են հաշված օրեր, և ամենուր նախատոնական տրամադրություններ են. «ջանք ու եռանդ» չի խնայվում քաղաքին տոնական տեսք հաղորդելու համար, և այս ամենին զուգահեռ, հայ ազգն ապրում է իսկապես դժվարին ժամանակներ: Ո՞ւմ են պետք այս, թերևս, ավելորդ ու «անհասցե» ճոխությունները:
-Այն խնդիրները, որոնք կան, անպայման չէ մատնանշել, նստել և դարդ անել: Ինչ խոսք, լավ ժամանակներ չենք ապրում՝ թե´ սոցիալապես, թե´բարոյապես, որն ավելի կարևոր է: Ժողովուրդը շվարած վիճակում է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, արվում են քայլեր, որոնցում կան աններելի վրիպումներ: Կարծում եմ՝ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և չկորցնի իր արժանապատվությունը, ինչպես նաև մտավորակնները պետք է այս ամենին արձագանքեն: Ինչ վերաբերում է քաղաքի տոնական տեսքին, ապա այն առաջին հերթին կուրախացնի երեխաներին, որոնց պետք է ամեն կերպ հեռու պահել խնդիրներից, իսկ հասուն մարդիկ, բնականաբար, գիտակցում են, որ չի կարող լինել տոն, եթե կա հոգեկան ճնշված վիճակ:
-Ասում եք, որ մտավորականները պետք է արձագանքնեն տեղի ունեցող գործընթացներին, այսինքն՝ անտարբե՞ր են:
-Դա երկար տարիների թերություն է… Մտավորականները, որոնց թվում եմ նաև ես, մտել ենք մեր կաղապարի, մեր խնդիրների մեջ՝ փորձելով այս պայմաններում քիչ թե շատ ստեղծագործել, իսկ ընդհանուրի ցավը, որի մեջ նաև մեր ցավն է, անտեսվում է. բանաձևեր չենք գտնում, գուցե չունենք այն ոգեղեն ուժը, որն ունեին մեր մտավորական նախնիները՝ կարողանալով դիմակայել, բարձրաձայնել ու իրենց ձայնը տեղ հասցնել: Ցավով եմ փաստում, որ մենք չկարողացանք այդ ուժն ու գիտակցումն ունենալ:
-Իսկ ի՞նչն է խանգարում այսօրվա մտավորականին իր ձայնը լսելի դարձնել:
-Թող չթվա, որ ուզում եմ ինձ կամ մտավորական այլ անձանց արդարացնել, բայց չկա մի գաղափար, մի ուժ, որի շուրջ կարելի է համախմբվել: Ես պարզապես զարմացած եմ՝ ինչքան կարող է մարդկային ագահությունը, լկտիությունը իշխել ու մնալ անպատիժ: Ուժի միջոցով հարց լուծելն անընդունելի է, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, և երկրի ներսում ցնցումները հակացուցված են: Ես հանգիստ եմ այնքանով, որ կա Ղարաբաղը, ղարաբաղյան մթնոլորտը, որտեղ այնքան լուծված հարցեր կան, և երբ այդ ֆոնին նայում ենք Հայաստանին, զգում ենք՝ շատ հարցերում ենք մենք կաղում, չենք կարողանում միաբանվել: Այնտեղ կա ոգի, կա տրամաբանություն, կան «մենք», «մեր» հասկացությունը: Ղարաբաղում ինձ լիարժեք հայ եմ զգում:
-Մեզ մոտ «մենք»-ի փոխարեն «ես»-ն է, այո՞:
-Այո՛: Ղարաբաղցիները շատ հարցերում չափանիշ են, ու պետք է ձգտել հավասարվել նրանց: Համոզված եմ՝ եթե մեր ղեկավարը լիներ գյումրեցի ու վատ ղեկավարեր, ապա կասեին՝ գյումրեցի է. մեր ազգն այնքան շատ թերություններ ունի, որոնք դժվար է սանձել: Ոչ երնեկ այս ղեկավարներին. իրենք ի սկզբանե ամենակարևոր բաները իրենց ձեռքից բաց են թողել և չեն կարող հետ բերել, իսկ Ղարաբաղում դա պահպանվում է, այնտեղ ամեն ինչ այլ է, իսկ մեզ հասցրել են միջակության:
-Ովքե՞ր:
-Մենք բոլորս, մեղավոր ենք բոլորս. այսօրվա ճաշը միասին ենք եփել: Երբ գալիս են մարդիկ, որոնք ուզում են այս ղեկավարներին փոխել և իրենք ղեկավարել, հասկանում ես, որ ոչ մի բան էլ չի փոխվելու, հակառակը՝ ավելի կվատանա. չկան այն երևույթները, որոնք պետք է նոր ոգի բերեն, և դա է պատճառը, որ ժողովուրդը կոլապսի մեջ է, չի հասկանում՝ ինչ է պետք անել, լույս չի տեսնում, հոգնած վիճակում է:
-Եվ դա ինչքա՞ն կտևի:
-Եթե ես կարողանայի այդ հարցի պատասխանը տալ… Ասել, որ կհայտնվի մի անձ և կփոխի ամեն բան, դա էլ է ուտոպիկ: Մեր կենսագրությունը մենք պետք է կերտենք. իրականում ո՛չ ռուսին ենք պետք, ո՛չ ամերիկացուն, ո՛չ մեկին, միայնակ ենք այս տիեզերքում՝ մեր խնդիրներով ու դժվարություններով: Մի փոքր էլ պետք է համբերենք. չկա այն բանաձևը, որն այս օր կաշխատի: Մենք հիմա մի խնդիր ունենք՝ չկորցնել այն, ինչ ունենք, ինչ մնացել է:
-Իսկ ի՞նչ ունենք:
-Երևանը եղել է չգրված օրենքների քաղաք, և այդ օրենքները մի ժամանակ բոլորն էին պահպանում, այդ օրենքներն են մեզ դարձնում Հայ: Գիտե՞ք՝ ամենահեշտ բանը հեռանալն է, շատերն են հեռանում, որովհետև իրենց դասում են ավելի բարձր, քան հայրենիքը: Ոչ ոքի չեմ մեղադրում, բայց եթե բոլորս գնանք, ապա վերջն ի՞նչ է լինելու: Այն մարդիկ, ովքեր կրողն են մեր ավանդույթների՝ հեռանում են՝ չհասցնելով ժառանգել դրանք։ Բայց նույնիսկ այդ դեպքում գենետիկան իրենն անում է. ծնվում է մի երիտասարդ, որն իր մեջ կրում է այն, ինչ թվում էր կորած: Ցանկացած հայ մարդու մեջ, այդ թվում՝ ամենալկտի օլիգարխների, հոգևոր տարր կա, կա մի բջիջ, որը եթե սկսի աշխատել, մենք կդառնանք միաբան ու հրաշքներ կգործենք, բայց հիմա մի իրավիճակ է, երբ այդ բջիջը վախեցած, կուչ եկած վիճակում է, սակայն գործում է: Ընդհանրապես հայ լինելը դժվար է, բայց դա ի վերուստ տրված ճանապարհ է, որ պետք է անցնել:
-Պարո՛ն Պողոսյան, այսօրվա մեր իրականության մեջ ի՞նչն է Ձեզ ոգևորում, ուրախացնում:
-Գեղեցիկ հայուհիները: Մեր ժամանակ այսքան գեղեցիկ աղջիկներ չկային, երբ մեկին տեսնում էինք, խառնվում էինք իրար (ժպտում է): Ցավոք, այդ գեղեցկության հետ չկա այն բարոյականը, որը ներդաշնակ կլինի արտաքին գեղեցկությանը:
-Իսկ կա՞ մի բան, որ Ձեզ խանգարում է՝ որպես ստեղծագործող մարդու:
-Այնքան շատ բաներ են ինձ խանգարում: Ես ուզում եմ ստեղծագործել, բայց չկա ինչ-որ բան անելու շահագրգռվածություն: Երբ տեսնում ես, որ ստեղծագործողը ստեղծագործում է և քո երկրի համար ինչ-որ բան է անում, պետք է նպաստել, որ շարունական լինի ամեն ինչ: Ես ամեն անգամ ծեծում եմ այս կամ այն դուռը և խնդրում՝ ինձ օգտակար լինեն: Ես ոչ թե հոգնել եմ դռներ ծեծելուց, այլ ուզում եմ՝ արդեն իրենք իմ դուռը ծեծեն:
-Նոր տարվա նախաշեմին Ձեր խոսքը հայ մարդուն:
-Թող ամեն մարդ տեր կանգնի իր որդեգրած սկզբունքներին և չհանդուրժի անարդարություն:
Զրուցեց՝ Շողիկ Գալստյանը