«ԲԱՄՕ» ընկերության դուստր «ԲԱՄՕ մետալ» ընկերության դեմ դատական հայց է ներկայացվել: Այդ ընկերության սեփականատերը եղել է գործարար Մուրադյան եղբայրներից սպանված Հովիկ Մուրադյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2014թ. հունիսի 18-ին ՀՀ Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղապետարանը «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել` պահանջելով ընկերությունից հօգուտ գյուղապետարանի բռնագանձել 16 միլիոն 450 հազար դրամ:
Պարզվում է, որ 2008-2012թթ.-ին «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ն Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում հետախուզական աշխատանքներ է իրականացրել, սակայն համայնքային նշանակության հողերում երկրաբանական ուսումնասիրության համար պայմանագրով սահմանված գումարը չի վճարել: Արդյունքում՝ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանը կուտակված պարտքը ստանալու նպատակով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով բռնագանձել տարիների ընթացքում կուտակված պարտքը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանն ասաց, որ մեկ անգամ արդեն դատական հայց է ներկայացրել նույն ընկերության դեմ եւ կարողացել դատական կարգով 1 միլիոն 400 հազար դրամ բռնագանձել` հօգուտ գյուղապետարանի: «Ընկերությունը մեր տարածքում գտնվող համայնքային նշանակության, բայց պետական սեփականություն համարվող 1 հազար 715 հեկտար հողերի համար պետք է վճարի 2 տարվա գումար՝ յուրաքանչյուր տարվա համար 6 միլիոն 860 հազար դրամ: Դիմել ենք «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենին, ասում է՝ չկա, ոնց տանք: Լավ, բա ես ի՞նչ անեմ»:
Ըստ նրա` պարտքերը գոյացել են ընկերության նախկին եւ ներկայիս գործադիր տնօրենների՝ Մասիս Խաչատրյանի եւ Արման Գրիգորյանի ղեկավարման ժամանակահատվածում: «Ընկերությունը պատկանում է Մուրադյան եղբայրներին, չեմ կարծում, որ նրանք տեղյակ չեն այս իրավիճակից, եթե տեղյակ չեն, ուրեմն շատ ավելի վատ գործադիր տնօրենների համար: Հասկանում եք՝ այդ պայմանագրի արդյունքում եւս համայնքային բյուջե էի կազմել, ու քանի որ այսքան պարտք կուտակվեց, ստիպված եմ եղել գյուղապետարանում կրճատումներ անել, ծախսեր ենք իջեցրել: Խնդրի մասին տեղյակ եմ պահել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, նա էլ ասել է՝ ոնց օրենքով է, այդպես էլ արա, ու ես դիմել եմ դատարան: Եթե դատարանը հօգուտ մեզ չորոշի, ապա ես եմ պետության 16 միլիոն պարտքը մարելու: Պատկերացրեք, եթե դատարան չդիմեի, ինձ կասեին՝ ուրեմն դու ճիշտ չես աշխատել, քո գործը ըստ պատշաճի չես իրականացրել»,-ասաց Աստղաբերդի գյուղապետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում