«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը, խոսելով իր ղեկավարած դատարանում գրանցված խոշոր կաշառակերության փորձի մասին, ասաց, թե իր մեղքի բաժինը չի տեսնում: «Դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն աշխատանքը, դատավորները դատարանի նախագահի աշխատողները չեն, նրանք ինքնուրույն են»,-վստահեցրեց դատարանի նախագահը:
Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին «Զոսեկար» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կարապետյանը ազգային անվտանգության ծառայությանը հայտնել էր, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը, նշված ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո, գրավադրված անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու եւ իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար իրենից պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ի կողմից ձայնագրառվել էր Սեյրան Կարապետյանի եւ Խաչատուր Խաչատրյանի առանձնազրույցը, իսկ կաշառք տալու նմանակման արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Սեյրան Կարապետյանը, պայմանավորվածության համաձայն, Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակում վերջինիս պահանջով կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը դրել էր աշխատասենյակի պահարանի դարակի մեջ: Այդ պահին ԱԱԾ մտել էր դատավորի աշխատասենյակ, հայտնաբերել կաշառքը եւ կալանավորել դատավորին: Մինչ օրս դատավոր Խաչատուր Խաչատրյանը հրաժարվում է Սեյրան Կարապետյանի հետ առերեսմանը ցուցմունք տալուց:
Ստեղծված իրավիճակի շուրջ «ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, որպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը:
-Ճիշտ ասած՝ հարցազրույց տալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ իրավասություն, միայն կարող եմ ասել, որ խիստ բացասական եմ վերաբերում այդ երեւույթին: Մնացածը նախաքննությունը կպարզի: Թող նախաքննության արդյունքներով պարզ լինի, թե ինչ է կատարվել:
-Ձեր մեղքի բաժինը կատարվածում չե՞ք տեսնում: Եթե խիստ լինեիք, միգուցե դատավորները կաշառք վերցնելու ռիսկի չէին դիմի:
-Կարծում եմ, որ ուղղակի անելիք չեմ ունեցել այդ հարցում: Յուրաքանչյուր դատավոր ինքն է իր վարույթում քննվող գործերի պատասխանատուն: Դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն աշխատանքը, դատավորները դատարանի նախագահի աշխատողները չեն, նրանք ինքնուրույն են:
-Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերատիվ աշխատանք էր իրականացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ Ձեզ՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ որեւէ միտում կա, որ հենց Ձեր դատարանում եղավ:
-Չեմ կարծում, որ միտում կա, տեղեկություն են ստացել եւ իրենց իրավասության շրջանակներում գործողություններ են կատարել:
-Օրինակ՝ 2013թ. իր տարեկան զեկույցում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել էր դատավորների կողմից վերցվող կաշառքի սակագների չափը: Ըստ ՄԻՊ-ի՝ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով զեկույցը եւ, առհասարակ, մայրաքաղաքում քննվող գործերի քանակը՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն այդ հետախուզական աշխատանքները չի իրականացնում մայրաքաղաքում, այլ իրականացրեց մարզում:
-Չեմ կարող հարցին պատասխանել, միգուցե այդ դեպքը լիներ Երեւանում, հակառակը ասեին, թե ինչո՞ւ չեն իրականացնում մարզերում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։