Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Բանն այնտեղ է հասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քասախ համայնքի ավագանու անդամների «տերերը» գյուղի գերեզմանոցում ծեծի են ենթարկել «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամ Վիգեն Դավթյանին:
Եվ այսպես՝ ինչից են սկսվել ԺՈՒԿ անդամի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամների միջեւ տարաձայնությունները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը պատմեց, որ մեկ ամիս առաջ Քասախ համայնքում ավագանու ընտրություններ են տեղի ունեցել. «Այս ընտրություններից առաջ մեր ակտիվիստ Վիգեն Դավթյանը նորմալ հարաբերությունների մեջ էր ավագանու ԲՀԿ-ական անդամների հետ, նույնիսկ միասին էին պայքարում հանրապետականների դեմ, սակայն 2014թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու ընտրություններին մեր ակտիվիստին դուր չէր եկել ԲՀԿ-ականների պահվածքը, ընտրակաշառք եւ այլն, եւ այլն, ու նա որոշեց իր թեկնածությունն առանձին ներկայացնել: Այս ամենից լարվածություն սկսվեց, մեր անդամին մեղադրում էին, թե դու հանրապետական կուսակցության սատարող ուժ ես դարձել»:
Ավագանու ընտրությունների թեժ պայքարի արդյունքում ԺՈՒԿ անդամ Վիգեն Դավթյանը պարտվեց, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամների եւ նրա միջեւ լարվածությունը չհանդարտվեց. «Քասախ համայնքում մի զավթված հող կա, որ հրապարակի հուշարձանի տարածքում էր: Վիգեն Դավթյանը դիմել էր գյուղապետ Արա Մկրտչյանին, որ անօրինական զավթումը կանխի, բայց համայնքի ղեկավարն էլ չէր կարողացել որեւէ բան անել, իսկ ԲՀԿ-ական ակտիվիստները Վիգենին փորձել էին վախեցնել, թե քո ինչ գործն է: Նա էլ ասել էր, թե այդ տարածքը գյուղի համար նշանակություն ունեցող տեղ է, ոնց կարող եք զավթել: Ես Վիգենի հետ խոսեցի, ասեցի, թե մի խառնվի, նրանց կողմնակիցները կրիմինալի հետ կապված, ազդեցիկ մարդիկ են, պետք չի»:
Արդյունքում, ինչպես պարզեցինք ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանից, ԲՀԿ ավագանու անդամների «կոկորդին» է մնացել ԺՈՒԿ ակտիվիստը, եւ ԲՀԿ-ականները հավատարիմ մնալով իրենց կարգախոսին՝ «Մեր խոսքը գործ է», անցել են գործի:
«Գիշերը՝ ժամը 1:00-ի սահմաններում, երկու տղամարդ գնացել են Վիգենի տուն: Մայրն ու եղբայրն ասել են, թե հետո եկեք, նրանք էլ ասել են, թե ոչ ու արթնացնելով Վիգենին՝ նստեցրել են մեքենան ու տարել գյուղի գերեզմանատուն ու ծեծի ենթարկել: Այժմ Վիգենը «Արմենիա» բժշկական կենտրոնում է, լուրջ վնասվածքներ է ստացել` քթի կոտրվածք եւ այլն, եւ այլն: Արյան մեջ շաղախված մի կերպ է կարողացել փախնել ու հասնել բարեկամի տուն, օգնություն խնդրել: Երկար ժամանակ է, ինչ գյուղն անտերության է մատնված: Ընտրություններից հետո էլ փորձում են ազդեցություն հաստատել այնտեղ: Բազմաթիվ նման միջադեպեր են եղել, սակայն ոստիկանությունը ոչինչ չի արել, ու հիմա բանը հասել է նրան, որ մարդկանց տանից հանում, տանում, ծեծի են ենթարկում»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիգեն Դավթյանը դժվարությամբ, սակայն կարողացավ ասել, որ իրեն ծեծի են ենթարկել Քասախ համայնքի ավագանու նախկին անդամ Նորիկը եւ Վաղինակը. «Ինձ տարել էին այդտեղ սպանելու նպատակով ու ասում էին՝ ուզում էս մեր դեմ գրե՞ս: Ես ցանկացել եմ ուղղակի Գագիկ Ծառուկյանին հայտնել, թե ինչ գործերով են զբաղված իր կուսակցության անդամները»: Ասել է թե՝ ԲՀԿ նախագահին իր կուսակիցների մասին ինֆորմացիա հաղորդելը թանկ է նստել ԺՈՒԿ ներկայացուցչի վրա:
Իսկ, ահա, Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն ասաց, թե հուշարձանի տարածքի կռիվ այլեւս չկա, ու ինքը, առհասարակ, տեղյակ չէ, որ համայնքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների եւ ԺՈՒԿ անդամ Վիգեն Դավթյանի միջեւ միջադեպ է եղել:
Փորձեցինք զրուցել նաեւ Վիգեն Դավթյանին ծեծողների հետ, սակայն ապարդյուն:
Գրում է թերթը