«Ժողովրդագրական խնդիրը Հայաստանում բավական վատ վիճակում է, և կան բոլոր հիմքերը կարծելու, որ այն հանդիսանում է մեր ներքին ամենամեծ և ամենավտանգավոր մարտահրավերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով գիտական ուսումնասիրություններ և եզրահանգումներ Հայաստանում տիրող դեմոգրաֆիական իրադրության վերաբերյալ:
Գագիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նկատելիորեն նվազել է բնակչության թվաքանակը (կես միլիոն), և այդ գործընթացը շարունակվում է ընթանալ:
Խնդրին գիտական մոտեցում ցուցաբերելով՝ փորձ է արվել պարզելու, թե ինչն է պատճառը, որ նման դրություն է ստեղծվել և, իհարկե, ինչ կարելի է անել:
«Հիմնական պատճառներից մեկը Հայաստանի տնտեսության ոչ բարվոք վիճակն է, սակայն դա միակ պատճառը չէ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել ևս մեկ ուշագրավ հանգամանք՝ նվազել է ոչ միայն բնակչության թիվն, այլ բնակչության կազմը»,- ասաց Գագիկ Հարությունյանն ու պարզաբանեց՝ եթե երկրորդ հանրապետությունում փորձագիտական գնահատականներով մոտ 1 մլն մարդ զբաղվում էին բարդ աշխատանքներով, ապա այսօր այդ թիվը 10 անգամ նվազել է, 6 անգամ էլ նվազել է գիտնականների, գիտաշխատողների թիվը:
Ըստ բանախոսի՝ ժողովրդագրական և այլ տեսակի խնդիրները լուծվում են, երբ հիմնական շեշտադրումը դրվում է մտավոր ռեսուրսների զարգացման վրա:
«Միակ ճանապարհը, որով Հայաստանը կարող է լուծել իր ժողովրդագրական խնդիրները դա տեխնոլոգիաների զարգացումն է», — ասաց բանախոսն ու որպես առաջարկ նշեց՝ բարձր տեխնոլոգիական արտադրության միջոցով պետք է զարգացնել տնտեսությունը:
Նշենք, որ այս ուսումնասիրությունը կատարվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարաության և անձամբ նախարար Արտեմ Ասատրյանի առաջարկությամբ: