տուն Լուրեր «Ժողովրդավարական հայրենի՞քն» էլ ընտրություններին չի մասնակցի

«Ժողովրդավարական հայրենի՞քն» էլ ընտրություններին չի մասնակցի

93
0

NPd50k8rKL24QiIOPOKw8FW8o5

«Մեր կուսակցության դիրքորոշումը մնում է անփոփոխ, որը վերջին անգամ արտացոլվել է հոկտեմբերին կայացած քաղխորհրդի նիստում, ըստ որի մենք նպատակահարմար ենք գտնում մասնակցել ընտրություններին, երբ ձեւավորվի այնպիսի համախմբում, իրական ընդդիմադիր ուժերի ձեւավորում, որը հանրությանը դուրս կբերի փողոց եւ հնարավորություն կընձեռի կանխելու ընտրակեղծարար համակարգը: Հիմա փաստորեն առաջին  փուլում անցած տարեվերջին ձեւավորվեցին, այսպես կոչված, ընդդիմադիր դաշինքներ, բնականաբար, այս գործընթացները չեն գնում  այդ ուժային կենտրոնի  ձեւավորմանը, մենք նախատեսեցինք ուրիշ  գործընթաց»:  Araratnews.am-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կուսակցությունը` կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

Մակեյանը իր նշած գործընթացի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ այն ավելի արմատական գործընթաց էր նախանշում: «Նկատի ունեմ, որ քաղբանտարկյալների մասնակցությունը եւս կլիներ, ցավոք, այդ ծրագիրն էլ կարծես թե չի լինում: Հիմա,  իմ տպավորությամբ` գնում է իշխանության վերարտադրության գործընթաց, եւ ցանկացած ձեւաչափով մասնակցությունը կլեգիտիմացնի իշխանության հերթական  ուզուրպացիան»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Մեր հարցին, որ արդեն իսկ երկու ընդդիմադիր դաշինքներ են ձեւավորվել («Ելքը» և Վարդան Օսկանյան-Վիկտոր Դալլաքյան-Արամ Սարգսյան (Դեմոկրատական կուսակցությունը), «Ժողովրդավարական հայրենիքը» նրանցից որեւէ մեկի հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ է, Մակեյանը պատասխանեց. «Առաջինի հետ մենք երկար ճանապարհ ենք անցել` Նիկոլի, Սասունի, Արամ Սարգսյանի հետ, եւ այդ համագործակցության, այսպես ասած, ուժային կենտրոնի ձեւավորումը նրանց մասնակցությամբ տեսնում էի, բայց չստացվեց: Իսկ երկրորդի հետ կապված իմ կարծիքն այն է, որ խիստ վերապահումով եմ մոտենում»,- ասաց Մակեյանը, հավելելով, որ երկրորդ դաշինքը, ըստ էության, նպաստում է իշխանության վերարտադրությանը: «Եթե Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը հանդես գային տասնամյակներ շարունակ վարչախմբի մեջ եղած տարիներին թույլ տված ոչ թե սխալների, այլ մարտի 1-ի էջի մասով հայտարարությամբ եւ զղջանքով, ապա իրենք կարող էին  մասնակցել: Յուրաքանչյուր քաղաքացի ունի սխալվելու եւ այդ սխալն ուղղելու իրավունք, բայց ես նրանց մոտ չեմ տեսնում այդ մոտեցումը»:

Փայլակ Ֆահրադյան