տուն Մամուլ «Ժողովորդ». Զինված մտել են ԲՀԿ առաջնորդի խաղատուն

«Ժողովորդ». Զինված մտել են ԲՀԿ առաջնորդի խաղատուն

143
0

joxovurd4

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խաղատան հաճախորդներից մեկի ահազանգի հետքերով մի խումբ զինված մարդիկ հավաքվել են խաղատան դիմաց՝ «ռազբորկա»-ի:

 

Մեզ հասած տեղեկություններով՝ խաղատան հաճախորդներից մեկին  խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ըստ երեւույթին, նա պրոֆեսիոնալ խաղացող է եղել եւ մի քանի ժամ սարքի կամ սարքերի վրա խաղալուց հետո տնօրինությանը դժգոհել է, որ թեեւ ինքն իր քայլերը ճիշտ է կատարում, սակայն սարքի հետ մի բան այն չէ  եւ ինքն անընդմեջ կորցնում է իր կատարած խաղադրույքները: Խաղատան աշխատակիցները վստահ հայտարարել են, թե սարքը չի կարող խաբել եւ ամեն ինչ ճիշտ է: Սակայն աշխատակիցների հավաստիացումները չեն հանգստացրել իրեն խաբված համարող քաղաքացուն եւ վերջինս փորձել է այլ կերպ իր հաշիվները մաքրել խաղատան տնօրինության հետ՝ իր գումարները վերադարձնելու համար:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ խաղատան հաճախորդը զանգահարել է եւ կատարվածի մասին վրդովված պատմել իր համարձակ ընկերներին: Ավելի ուշ, խաղատան դիմաց հայտնվել են մի խումբ զինված մարդիկ եւ սկսել աշխատակիցների հետ «հաշիվներ մաքրել»՝ «լավ ախպոր»-ը խաբելու համար: Ու երբ «հյուրերի» եւ «Շանգրիլա»-ի աշխատակիցների խոսակցություններն սկսել են թեժանալ, անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել իրենց փրկչին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին՝ Էդոյին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը: Սովորաբար Էդոն կարողանում է նման իրավիճակները խաղաղությամբ հարթել:

Իսկ թե կոնկրետ ինչ է ասել նրանց եւ ինչպե՞ս են տաքարյուն հաճախորդները հեռացել «Շանգրիլա»-ից, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց , որ ինքը նման տեղեկություն չունի, եւ քանի որ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ, ինքը չի կարող տեղեկությունը ճշտել:

Սակայն դատելով զինված տղաների խմբի՝ սուսուփուս հեռանալու փաստից, ըստ երեւույթին, Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետի հորդորով տնօրինությունը հետ է վերադարձրել հաճախորդի գումարները եւ խնդիրը լուծվել է խաղաղությամբ: Արյունահեղությունն էլ կանխվել է:

Չի բացառվում նաեւ, որ սարքն ամենեւին էլ անսարք չի եղել, սակայն Էդոն կատարել է զինված ամբոխի պահանջները մեկ նպատակով՝  ԲՀԿ առաջնորդի անվան շուրջ աղմուկ չբարձրանալու պատճառով:

Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ դեռեւս 2009թ. խաղատների գործունեության մասով աղմկալի բացահայտում էր իրականացրել ՀՀ Վերահսկիչ պալատը՝ արձանագրելով, որ Հայաստանում խաղատների սարքերը մարդկանց մոլորության մեջ են գցում: Ստուգման արդյունքում Վերահսկիչ պալատը պարզել էր, որ շահումով խաղերի համար նախատեսված ավտոմատ սարքերն արտադրվում են Հայաստանում: Այսինքն՝ կմախքը հավաքվում է այստեղ, իսկ «ուղեղը»  բերում են դրսից, սակայն ներկայացնում են՝ որպես արտերկրի արտադրանք: Բայց Հայաստանի եւ արտերկրի՝ շահումով խաղերի սարքերի մեջ հսկայական տարբերություններ կան:

Պարզվում է՝ դրսում արտադրված եւ գործարկվող սարքերը ստեղծվում են այնպես, որ սարքը խաղացողին վերադարձնի դրված գումարի 86%-ը: Իսկ Հայաստանում այդ նույն «ուղեղով»սարքերն այնպես են հավաքում, ծրագրավորում, որ սարքը խաղացողին վերադարձնում է գումարի ընդամենը 5-6%-ը: Ու հենց այս մթնոլորտն էլ պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ զենքի միջոցով իրենց գումարները հետ վերադարձնելու փորձեր անեն, իսկ մի մասն էլ «մեջք» ու համարձակություն չունենալով, հաշտվում է պարտության հետ`  կորցնելով  գումարը կամ ողջ ունեցվածքը:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում