տուն Մամուլ «Ժողովորդ». Ովքե՞ր էին «Շառլոտ»-ում ծեծված հայտնի դեմքերը

«Ժողովորդ». Ովքե՞ր էին «Շառլոտ»-ում ծեծված հայտնի դեմքերը

98
0

joxovurd4

«Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները: Իսկ թե ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, դժվար է ասել:

 

Եվ այսպես, միջադեպը տեղի էր ունեցել կեսգիշերին մոտ: Ըստ տարածված տեղեկությունների՝  միջադեպի  մասնակիցները հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց թվում է եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝  Կարեն Խաչատրյանը: Իսկ ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ ոստիկանություն էին բերման ենթարկվել Ռոբերտ Գ.-ն, Անդրանիկ Ա.-ն, Գարիկ Մ.-ն, Ջանիբեկ Մ.-ն: Ի դեպ, այս դեպքից  հետո տեղեկություններ տարածվեցին, թե սեպտեմբերի 4-ին աշխատանքից ազատվել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ ԱԱԾ աշխատակից Արսեն Ղազարյանը: Ենթադրվում է, որ նրանց ազատման հրամանը կապված է ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:

 

Ինչից էր սկսվել կռիվը

Մեզ հասած տեղեկություններով՝ «Շառլոտ» գիշերային ակումբի սեփականատերերից մեկը, ով նախկին ոստիկան է, նշված օրը որոշել է ընկերոջ հետ հաց ուտել իրեն պատկանող ակումբում, որտեղ երկար ժամանակ չէր եղել: Սեփականատերն ու իր ընկերը ընթրիք են պատվիրել ու սպասել իրենց պատվերին: Մի փոքր ուշ ակումբ են այցելել մի խումբ երիտասարդներ՝ ակնհայտ ցինիկ պահվածքով, ու տարօրինակ  հայացքով նայել ակումբի սեփականատիրոջն ու նրա ընկերոջը: Երիտասարդների սեւեռված հայացքը ու պահվածքը դուր չի եկել նախկին ոստիկանին եւ նա ստիպված  է եղել տղաներին հարցնել, թե ինչն է նրանց անհանգստացնում: Տղաներից մեկն ասել է, թե իրենք ակումբը փակել էին տվել եւ իրենցից բացի, նշված ժամին ոչ ոք չպետք է մտներ այնտեղ: Ի պատասխան, ակումբի սեփականատերն ասել է, թե իրենք կարճ ժամանակով են մտել, շտապ հաց կուտեն եւ դուրս կգան՝ չխանգարելով իրենց խրախճանքին: Այս պատասխանը չի գոհացրել տղաներին:

Մի քանի րոպե անց Ֆինանսների նախարարության աշխատակիցներն առանց որեւէ բան ասելու, հաց ուտելու պահին հարձակվել են ակումբի սեփականատիրոջ եւ նրա ընկերոջ վրա ու սկսել ծեծել: Նախկին ոստիկանը զանգահարել է իր փոքր եղբորը, ով ակումբի տնօրենն է եւ հայտնել, որ շտապ գա, կարգի հրավիրի ակումբում հաստատված «բեսպրեդելը»: Սակայն ակումբի տնօրենը, երբ ներս է մտել ու տեսել, թե ում հետ է իր եղբայրը ծեծկռտուք սարքել, խիստ զարմացել է եւ հորդորել է մեծ եղբորը կատարվածը «կուլ տալ» եւ հեռանալ ակումբից: Սակայն ծեծի ենթարկված նախկին ոստիկանն ասել է. «Ես սա կուլ տվողը չեմ», ապա որոշել է դաս տալ իրենց ամենակարող համարող երիտասարդների խմբին:

Այսպիսով, նախկին ոստիկանը եղբորը դուրս հանելով ակումբից, այնտեղ է կանչել մի խումբ տղաների, կողպել ակումբի դուռը, սկսել մի լավ «դաս տալ» ագրեսիվ պահվածքով երիտասարդների խմբին, որոնց մեջ են եղել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան բաժնի պետ է, նրան ուղեկցող Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը, ով «Մետելիցա» ռեստորանի սեփականատերն է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի աներորդին: Այնտեղ են եղել նաեւ ՖՆ մաքսանենգության վարչության աշխատակից Սուրենը, ով ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան է, ինչպես նաեւ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալներից մեկը, ում անունը այդպես էլ չկարողացանք  պարզել:

Ինչպես են ծեծել հարկայինի

աշխատակիցներին

Մեր աղբյուրների պատմելով, երբ նախկին ոստիկանի հրահանգով ակումբ են մտել նրա՝ ոչ այնքան երիտասարդ ընկերները, Ֆինանսների նախարարության աշխատակիցները բավականին գինովցած էին: Նրանցից մի քանիսը նույնիսկ ձողերի մոտ իրենց վերնաշապիկներն արձակած կիսամերկ աղջիկների հետ պարելիս են եղել: Սակայն խրախճանքը  կարճ է տեւել, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները լավ «դաստիարակել են» հարկային ծառայողներին: Նրանցից մեկին մտցնելով «Ռեդբուլ»-ի սառնարանը ասել են՝ սառնարանը կեր, մյուսին գցել են գետնին եւ քարշ տվել: Կարճ ասած՝ այն աստիճանի են ծեծել իրենց «հացը հարամողներին», որ հարկային աշխատակիցները տարբեր աստիճանի կոտրվածքներ են ստացել:

Ալրաղացի Լյովիկի քրոջ տղան՝ Սուրենը, տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս եւ այս ամենի հետեւանքով մի քանի հոգի կարող են սպանվել, մի կերպ բացել է ակումբի դուռը եւ փողոցում հսկողություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից օգնություն  խնդրել: Ոստիկանները տեսնելով, թե ինչ է կատարվում, դեպքի վայր  են կանչել  հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում