տուն Մամուլ «Ժողովորդ». Ոսկու շուկայի տնօրենը խուլիգան է

«Ժողովորդ». Ոսկու շուկայի տնօրենը խուլիգան է

75
0

joxovurd4

Իրենց խոստման համաձայն, երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել ինչպես երեւանյան տոնավաճառների, այնպես էլ Երեւանի ոսկու շուկայի առեւտրականները. նրանք կրկին դժգոհում էին շրջանառության հարկից: Ակցիան նորից արդյունք չտվեց, որովհետեւ երկար սպասելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չբարեհաճեց հանդիպել քաղաքացիներին: «Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ կառավարության նիստից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանը ծառայողական մուտքով հեռացել էր՝ բողոքավոր զանգվածին թողնելով այնտեղ:

 

Ահաբեկել էին մարդկանց

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Երեւանի տոնավաճառների եւ ոսկու շուկայի մի շարք աշխատակիցների արգելվել է մասնակցել բողոքի ակցիային: Սակայն ինչպես եւ նախորդ անգամ, կառավարության շենքի առջեւ կայացած բողոքի ակցիան բազմամարդ էր: Նրանք պահանջում էին կասեցնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը:

Այս պատճառով մենք առավոտյան նախ գնացինք ոսկու շուկա, որտեղ տհաճ միջադեպի ականատեսը եղանք: Վարդագույն կոստյում հագած ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուփշուր էր անում աշխատակիցների վաճառասեղանները: Եվ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ անհարմար դրության մեջ հայտնված վաճառողները կարծես Վաղարշի ստրուկները լինեին. լուռ, վախեցած այս ու այն կողմ էին նայում:

Վաղարշի անօրինական գործողությունները ֆիքսել է armlur.am-ի տեսախցիկը: Սակայն երեկվա դրությամբ ո՛չ ՀՀ ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ ՀՀ քննչական պետական կոմիտեն Վաղարշ Աբրահամյանի լկտի պահվածքին իրավական գնահատական չեն տվել: Մինչդեռ նորմալ իրավական պետություններում այս արարքը չէր ներվի, եւ եթե Հայաստանը փոքր-ինչ նման լիներ այդ պետություններին, ապա Վաղարշ Աբրահամյանը վաղուց պետք է ճաղերի հետեւում լիներ: Նա խուլիգանություն է արել եւ բռնի կերպով տիրացել  մարդկանց ունեցվածքին, քանի որ այդ կոտրված սեղանների մեջ կային ոսկյա զարդեր: Իսկ վաճառական կինն աղերսում էր չտանել իր վաճառասեղանը՝ նշելով, որ սեղանի դարակների բանալիներն իր որդու մոտ են, իսկ որդին քիչ անց կմոտենա: Այնուհետեւ կինը սկսեց իրեն վատ զգալ եւ արտասվեց: Սակայն Վ. Աբրահամյանը շրջում էր շուկայով եւ գոռում՝ «սեղանները լուսամուտից դուրս շպրտեք»:

 

Վաղարշն ու իր թիկնապահները. որտե՞ղ է ՀՀ ոստիկանապետը

«Ժողովուրդ»-ը փորձեց «գազազած» Վաղարշ Աբրահամյանից հետաքրքրվել, թե ինչու է նման կերպ վարվում աշխատակիցների հետ: Ի պատասխան տնօրենը բացատրեց, թե որոշել է աշխատակիցներին կարգի հրավիրել: «Մեր իշխանությունները շատ լավ օրենք են ընդունել, ժողովրդի համար շատ պիտանի: Այո, ես հրահանգել եմ, ճիշտ եմ արել եւ էլի պետք է շարունակեմ»,- հայտարարեց Վ. Աբրահամյանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ է սպասվում կառավարության առջեւ բողոքի մասնակցած վաճառականներին, Աբրահամյանը պատասխանեց. «Միջոցներ եմ ձեռնարկում, որ հետ գան. համոզում ենք, խնդրում, հորդորում: Եթե չգան՝ մենք իրենց տեղերը կտանք ուրիշին: Բա ի՞նչ անենք, թողնե՞նք գնան… անօրինական… Չգիտեմ, թե ինչ հոսանքների տակ են ընկնում, ուզում են ապօրինի աշխատել: Բա կլինի՞ նման բան: Թող փաստաթղթավորեն ամեն ինչ, որ պարզ լինի, թե ումից են ոսկի ստանում: Հիմա շրջում եմ շուկայով, որպեսզի տեսնեմ, թե ով չի եկել աշխատանքի, իրեն կարգի հրավիրեմ»:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում